Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր է ստորագրվել
ՀՀ Ազգային ժողովում այսօր շարունակվել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում, նիստը վարող Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Երևանում կայացած հանդիպման շրջանակներում Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները ստորագրել են Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների համատեղ հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր:
Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն, անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի ստեղծմանը՝ տեղեկացրել է, որ այն հնարավորություն կընձեռի գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանակվել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններով, գաղափարներով, լավագույն փորձով ու գիտելիքներով: Բացի այդ, հարթակը հնարավորություն կընձեռի հավաքագրել և տարածել խորհրդարանների կողմից իրականացվող հետազոտությունները, համագործակցել ինչպես Եվրոպական խորհրդարանի կողմից ստեղծված, այնպես էլ այլ ցանցերի հետ: Զեկուցողի խոսքով՝ ցանցի միջոցով կընտրվեն թեմաներ և ծրագրեր, որոնք կիրականացվեն տարածաշրջանային մակարդակով:
Մոլդովայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Ալա Պոպեսկուն ներկայացրել է Միջխորհրդարանական հետազոտական հարթակի գործունեության մասին աշխատակարգի նախագիծը, որը մշակվել է Մոլդովայի խորհրդարանի քարտուղարության կողմից և ներառում է ցանցի աշխատանքային սկզբունքները:
Ուկրաինայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Պետրո Բոդնարը նշել է, որ Երևանյան լրացումներով ստեղծվող գիտահետազոտական կենտրոնը լրացուցիչ ծառայություն է՝ ուղղված Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի և օրենսդիր մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ամփոփելով Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների երկրորդ հանդիպումը, շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ մասնակցության և արդյունավետ աշխատանքի համար:
Արա Սաղաթելյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ կառույցը հնարավորություն կտա արդյունավետ և արագ կազմակերպել տեղեկատվության փոխանակումն ու շահագրգիռ կողմերին ներկայացնել աշխատակազմերի կառավարման և պատգամավորների պատշաճ սպասարկման հետ կապված փորձն ու հմտությունները:
ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ՝ հետազոտական կենտրոնի աշխատանքները համակարգելու և գործընկերների հետ մշտական կապն ապահովելու նպատակով կլինեն առանձին ներկայացուցչություններ ստորագրող կողմերից յուրաքանչյուրի խորհրդարանում, ինչպես նաև կձևավորվի համապատասխան տեխնիկական բազա, որն առավել արդյունավետ պայմաններ կընձեռի գործընկերներին մեթոդական օժանդակություն ցուցաբերելու համար:
Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հաջորդ հանդիպումը կկայանա 2019 թվականի մայիսին՝ Ուկրաինայի Լվով քաղաքում:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը
- Արա Սաղաթելյան. Խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարն աշխատանք չէ, այլ՝ առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան