Այսօր պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, որ ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը. Բաբլոյան
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի կապակցությամբ։ ԱԺ հանրության և լրատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր Հայաստանում, Արցախում և Սփյուռքի բոլոր անկյուններում մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջև:
Նաև րոպե առ րոպե վերհիշում ենք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենատխուր օրերից մեկում մեր ապրումները և համախմբվելը՝ փլատակներից դուրս բերելու և վրանային հիվանդանոցներում գոնե մեկ կյանք ևս փրկելու համար: Որպես մասնագիտությամբ բժիշկ՝ իմ ու, կարծում եմ, բոլորիս մոտ էլ դեկտեմբերի 7-ը միշտ կզուգորդվի զոհվածների համար ակամա մեղավորության զգացման ու մեր փրկած ամեն մի կյանքի համար ապրած ուրախության հետ:
Սպիտակի երկրաշարժը քաղաքական և այլ հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը, ու ավելի քան յոթ տասնյակ պետություններ իսկույն արձագանքեցին մեր ցավին: Եվ մենք երբեք չենք մոռանա իրենց կյանքը վտանգելով փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ և մյուս պետությունների փրկարարներին, ում խիզախությունն ու նվիրումը ջնջեցին ազգամիջյան և բոլոր սահմանները: Ու երախտագիտությամբ ենք հիշում նաև այն բժիշկներին, ովքեր երկրաշարժից դեռ շատ տարիներ հետո էլ այնքան ջանքեր էին գործադրում հաշմանդամություն ստացած մարդկանց առողջությունը վերականգնելու համար, աղետի գոտում աշխատող հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, շինարարներին և մյուս մասնագիտությունների տեր մարդկանց:
Սիրելի հայրենակիցներ. Շիրակի, Լոռու և Տավուշի հարյուրավոր բնակավայրերն ընդգրկած Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը բազմաթիվ են: Դրանք մեզ ստիպեցին բոլորովին այլ հայացքով նայել սեյսմակայունության, ենթակառուցվածքների ստեղծման, աղետներին արագ արձագանքման և շատ ու շատ այլ խնդիրների: Անկախ այդ դասերը յուրացնելու համար անցած երեսուն տարիներին կատարված հսկայական աշխատանքից, այսօր մենք պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, մյուս օրը, որպեսզի ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը և բնական կամ տեխնածին որևէ աղետ մեզ այլևս կորուստներ չպատճառի:
Կրկին գլուխ եմ խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի առջև, վշտակցում նրանց հարազատներին ու մերձավորներին և արժանին մատուցում բոլոր նրանց, ովքեր այդ դառն օրերին աշխարհի տարբեր կողմերից եկան սպեղանի դնելու մեր անթիվ վերքերին»,- ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում»:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում անցկացվում է ՀՀ կառավարության արտագնա նիստ՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին
- Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է
- Եկեղեցին բնակարաններ կնվիրի երկրաշարժից տուժած 10 ընտանիքի
- Երկրաշարժից 30 տարի անց. Մայրն իր արյունով փրկեց դստերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան