Թուրքիայի կրոնական գործերի ղեկավար. «Ղուրան չկարդացող երեխաները սատանայի հետ են»
Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Ալի Էրբաշը հայտարարել է, որ այն երեխաները, որոնք Ղուրան չեն կարդում, սատանայի հետ են: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Թուրքիայի Մարդին նահանգում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ Էրբաշը մասնավորապես ասել է. «Այն տեղում, որտեղ չկա Ղուրան խավար է: Այն սիրտը, որտեղ մուտք չի գործել Ղուրանը, խավար սիրտ է: Այն տունը, որտեղ մուտք չի գործել Ղուրանը, ավերակ տուն է: Այդ պատճառով Ղուրանը պետք է միշտ մեզ հետ լինի: Քանի որ Բարձրյալն ասում է, որ ինքը Ղուրանից հեռու է ապրող, ձեռքը Ղուրան չվերցնող, Ղուրանի ցույց տված ճանապարհով առաջ չշարժվողի համար սատանա է ստեղծում, որը միշտ նրա հետ է լինում»:
Էրբաշի կարծիքով երեխաներին 7 տարեկանից սկսած պետք է սովորեցնել նամազ անել:
«Նրանց պետք է աստիճանաբար ծանոթացնենք կրոնի հիմնական դրույթներին: Այդպիսով կնպաստենք երեխաների ինքնության ձևավորմանը: Նրանց բնավորության ձևավորման վրա ազդեցություն կունենա իրենց մուսուլմանական ինքնությունը»,- ասել է Թուրքիայի բարձրաստիճան հոգևորականը:
«Այն երեխաները, որոնք Ղուրանի հետ չեն, սատանաների կամ սատանայական մարդկանց հետ են: Այնտեղ, որտեղ խոսվում է Ղուրանի մասին, Ղուրան է կարդացվում, հրեշտակները իրենց թևերը տարածում են այդտեղ գտնվող մարդկանց վրա, նրանց հանգստություն են բերում: Ճիշտ այնպես, ինչպես մենք այս պահին օգտվում ենք բարձրյալի հանգստությունից ու կարեկցանքից»: