Ձեր ցավերն իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են. Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամները, այլ պաշտոնատար անձինք, դիվանագետներ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողում ծաղկեպսակ խոնարհեցին:
Ժամը 11:41-ին` 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը:
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ, որից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:
«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Նալբանդ, այժմ Շիրակամուտ գյուղում էր։ Այն ուներ 9-11 բալ ուժգնություն: Աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնացին շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հազարավոր շենքեր, շինություններ։ Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և ընդհանրապես հոգեբանական, բարոյական հարված էր մեր ժողովրդի համար։
Բայց այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ։ Աշխարհի միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա։ Թերևս ամենավառ օրինակը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրինն է, որ երկրաշարժից անմիջապես հետո այցելեց աղետի գոտի և դրանից հետո մինչև կյանքի վերջ ավելի կապվեց հայրենիքին։ Այն նաև յուրօրինակ համաշխարհային հումանիտար համախմբման պատճառ դարձավ։ ԽՍՀՄ բարեկամ ժողովուրդը, աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին, այսպիսով համաշխարհային համախմբման օրինակ ցույց տալով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այնուամենայնիվ, ըստ նրա, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ:
«Իհարկե, մինչ օրս աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունն ու բացումը, բայց պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական սեգմենտ: Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաև այն ողջ տնտեսական հզորության վերականգնումը, որը եղել է Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Ախուրյանում և ընդհանրապես աղետի գոտու տարածքում:
Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ դրա հետ վերականգնվում էին մարդկանց հույս, վստահությունն ու լավատեսությունը: Երբ ասում ենք աղետի գոտի, առաջին հերթին պետք է դա նկատի ունենաք, թե որքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, որքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերն ու երազանքները կդառնան իրականություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է առավել կարևորն ու անհրաժեշտը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են հենց այս նպատակին:
«Մենք թևակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատն ու վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի նկատմամբ: Ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության և հետագա կառավարությունների ամենակարևոր առաքելությունը: Երկրաշարժից հետո, ցավոք սրտի, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու և մեր մեծագույն խնդիրն է այս հոգեբանական աղետը հաղթահարելը: Ես համոզված եմ, որ մենք այսօր մենք վստահ քայլում ենք այդ ճանապարհով, քայլում ենք ազգովի, նոր հույսերով, նոր վստահությամբ:
Մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Ուրեմն կեցցե Գյումրիի հերոսական ժողովուրդը, Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե Սպիտակի հերոսական ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել, հաղթող է դուրս եկել ապրելու, արարելու իր առաքելության մեջ»,- եզրափակելով խոսքն ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան