Վիգեն Սարգսյան և Արփինե Հովհաննիսյան. Մենք անկեղծորեն զղջում ենք
Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ու նրան հաջորդող Արփինե Հովհաննիսյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ քաղաքացի,
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն են: Մենք` Ձեզ հետ միասին, սթափ գիտակցում ենք, որ այս ընտրություններում իշխանության հարցը կանխորոշված է:
Սակայն, թե որքանո՞վ արդյունավետ կլինի նոր կառավարության և օրենսդիր մարմնի գործունեությունը, մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում: Կլինի իրական, սկզբունքային և փորձառու ընդդիմությո՞ւն, թե՞ պատեհապաշտ և գործարքների պատրաստ ձևական ընդդիմություն:
Հանրապետականը, անշուշտ, ունեցել է սխալների ու բացթողումների իր բաժինը, ինչի համար մենք անկեղծորեն զղջում ենք։ Սակայն, ունենալով պետական կառավարման մեծ փորձ և խոր գիտելիքներ, ՀՀԿ-ն ունակ է տեսնելու կառավարողների թույլ տված սխալները և քողարկված նպատակները, խորհրդարանում լինելու իշխանական մեծամասնությանը հակակշռող և զսպող ուժ:
Իշխանության կարճ ժամանակահատվածում Փաշինյանի կառավարությունն արդեն հասցրել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում թույլ տալ Հայաստանի և Արցախի համար լուրջ վտանգ ներկայացնող բազմաթիվ սխալներ:
Ժողովրդից թաքուն քննարկվում են այնպիսի ծրագրեր, որոնց կյանքի կոչելը էապես կծանրացնի մարդկանց առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը: Դրանց թվին են պատկանում եկամուտների համատարած հայտարարագրումը, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից իրենց ընտանիքներին ուղարկվող գումարների հարկումը, օպտիմալացման պատրվակի տակ տասնյակ հազարավոր պետական ծառայողների, մոտ ապագայում՝ նաև բուժաշխատողների և ուսուցիչների աշխատատեղերի կրճատումը և այլն:
Այդ ծրագրերի բացահայտումը և հանրությանը ներկայացնելը հնարավոր դարձավ հենց հանրապետականների շնորհիվ: Հետագայում ևս մենք պատրաստ ենք մեր ուժերը ծառայեցնելու Ձեզ և մեր հայրենիքին՝ լինի դա խորհրդարանում, թե նրանից դուրս:
Մենք ընտրությունների ենք գնում մտահոգ երկրի ապագայով և համոզված ենք, որ դուք էլ, մտահոգ լինելով Ձեր ընտանիքների բարեկեցությամբ և երեխաների ապագայով, երկրի անվտանգությամբ և զարգացման հեռանկարով, դեկտեմբերի 9–ին Ձեր ընտրությունը կկատարեք առանց ավելորդ հուզականության, սթափ բանականությամբ:
Դեկտեմբերի 9-ին մեր երկրի ապագայի ընտրությունն է։ Մի՛ վախեցեք։ Ձեր ձայնը վճռորոշ է»։
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչու է կանչվել ոստիկանություն
- Արփինե Հովհաննիսյանի գրառումը ստահոդ է. պարզաբանում ոստիկանությունից
- Ամեն ինչը չի, որ անպայման է ցուցադրական անել. Վիգեն Սարգսյան
- Իրենք շատ զբաղված են սպառնալիքներ հնչեցնելով` ամենաբարձր մակարդակով. Արփինե Հովհաննիսյան
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին չի հաջողվել ընտրություններին մոտենալ «սուպերթիմով»
- Իշխանությունը բավական ագրեսիվ քարոզարշավ է տանում. Վիգեն Հակոբյան
- Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին