Շատ ցանկալի է, որ 5 տարի հետո ունենանք որակապես բոլորովին այլ քաղաքական պատկեր. քաղաքական մեկնաբան
«Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ մեծամասնություն է ունենալու, բայց ակնհայտ է նաև, որ Երևանի ավագանու արդյունքներն այդ ուժը չի կրկնելու»,- «Քարոզարշավի ամփոփում» խորագրով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։
«Չկողմնորոշված ընտրողների բավականին մեծ տոկոս կա, որը պետք է կողմնորոշվիր այս երկու օրվա ընթացքում։ Դա կարող է էական ազդեցություն ունենալ այն ուժերի համար, որոնք պետք է հաղթահարեն անցողիկ շեմը»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ քարոզարշավը տեղ-տեղ բավական լարված և անցանկալիորեն կոշտ էր՝ ընդհուպ միմյանց պետական դավաճանության մեջ մեղադրելու մակարդակով, տեղ-տեղ նմանվում էր լեզվակռվի։
Արմեն Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ընտրություններից հետո լարվածությունը կթուլանա. «Քարոզարշավը հասարակությանը ներկայանալու լավ հնարավորություն էր հատկապես նոր ուժերի համար»։
Քննարկմանը ներկա քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր հերթին նկատեց, որ ընտրարշավն ընթացավ սպասելի տրամաբանությամբ՝ հեղափոխական տրամադրությունների գերիշխանությամբ, ինչով էլ թելադրված էր դրա կոպտությունը։
«Ընդհանուր առմամբ, քարոզարշավը ցույց տվեց, որ Հայաստանում կա քաղաքական դաշտի՝ զրոյից ձևավորման խնդիր։ Ակնհայտ է, որ առկա ներկապնակը, որը կա, բացարձակապես չի համապատասխանում թե նոր իրավիճակին, թե նոր մարտահրավերներին։ Կարծում եմ՝ այս ներկապնակով մենք պետք է վերջին ընտրությունն անցկացենք, և շատ ցանկալի է, որ 5 տարի հետո ունենանք որակապես բոլորովին այլ քաղաքական պատկեր։ Եթե մենք դա չունենաք, դա կվկայի որոշակի անարդյունավետության մասին»,- նշեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրական քարոզարշավը խիստ տիպիկ էր երկրում առկա հետհեղափոխական իրավիճակին. քաղաքագետ
- Հավասար պայմաններ երբեք չի լինում որևէ քարոզարշավում. Մարուքյան
- Քաղտեխնոլոգը ՀՀԿ-ի և «Իմ քայլի» քարոզարշավներից պինգ-պոնգի տպավորություն է ստացել
- Վիգեն Սարգսյան. Փաշինյանին չի հաջողվել ընտրություններին մոտենալ «սուպերթիմով»