Գյումրիում անցկացվում է ՀՀ կառավարության արտագնա նիստ՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կառավարության արտագնա արտահերթ նիստ է անցկացնում: Այն նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:
Նշենք, որ նիստից առաջ տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարման արարողությունը:
Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը:
230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին