Ռոբերտ Քոչարյան. Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է, և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում: Բավական է միայն նշել, որ մեղադրող կողմը ներկայացնում էր վեց հոգանոց դատախազական թիմ ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է։ Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի ու ընթացակարգերի կոպիտ խախտումներով։ Իսկ իշխանամետ մամուլն առանց դատարանի սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը: Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։
Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցածս արդյունքները, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ պարզ է, որ 2008-ի մարտի 1-ի մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության, վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի Հանրապետությունն ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի լկտի հետապնդման բոլոր հեղինակները և կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, և դա լինելու է մոտ ապագայում։
Լի եմ պատրաստակամությամբ՝ շարունակելու քաղաքական պայքարը նաև բանտում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների, և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի՝ հանուն ազատության և արժանապատվության»,-ասված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ։
Այն լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և ամփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը:
Առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանին կալանավորելը միանշանակ քաղաքական որոշում է
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը հրապարակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան