Եվրոպայում կանվանեն տարվա լավագույն ֆիլմը
Եվրոպական կինոակադեմիան պատրաստվում է մրցանակաբաշխությանը՝ Եվրոպայի լավագույն ֆիլմ-2018։ Եվրանյուզը գրում է, որ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» ֆիլմը հինգ անվանակարգում հավակնում է մրցանակի՝ լավագույն ֆիլմ, ռեժիսոր, սցենար, դերասան և դերասանուհի։ Ֆիլմը պատմում է գլխավոր հերոսների կրքոտ սիրո մասին, որոնց ճանապարհին կանգնում է ժամանակը, քաղաքականությունը, ճակատագրի վճռականությունը:
Մաթեո Գարոնեի իտալա-ֆրանսիական «Դոգմեն» դրամատիկ ֆիլմը չորս անվանակարգում է ներկայացված։ Ֆիլմում նկարահանված Մարչելո Ֆոնտեն մրցանակի է հավակնում «լավագույն դերասան» անվանակարգում։
Չորս անվանակարգում ներկայացված է իրանցի հայտնի ռեժիսոր Աբբասի «Աշխարհների սահմանին» ֆիլմը։ Այն նկարահանված է ֆենտզի ժանրում, քննադատաների կողմից դրական արձագանքի է առաջացել։
Ռեժիսոր Ալիչե Ռորվահերի «Երջանիկ Լազար» ֆիլմը ներկայացված է լավագույն ֆիլմ, ռեժիսոր, սցենար և լավագույն դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմն արդեն համարել են մարդասիրական կինոյի հազվագյուտ օրինակ։
Բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Աղջիկ» ֆիլմը երեք անվանակարգում է ներկայացված։ Ֆիլմը պատմում է Լարայի մասին, ում նկատմամբ բնությունը չար կատակ է խաղացել՝ նրա հոգին տղայի մարմնում է։ Հերոսուհին երազանք ունի՝ դառնալ բալետի պարուհի։
Եվրոպական կինոակադեմիայի «երկար ցուցակում» ընդգրկվել էին 49 ֆիլմ 35 երկրից։ Կարճ ցուցակում ընդգրկվել է 5 ֆիլմ։
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կայանալու է դեկտեմբերի 15-ին Սեվիլիայում։ Հաղթողներին ընտրելու է ժյուրին, որի կազմում ընդգրկված է Եվրոպական կինոակադեմիայի 3500 անդամ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան