Մինչև 2020 թ-ի տարեվերջ նախատեսված է լուծել աղետի գոտու 542 ընտանիքի բնակարանային խնդիրը. Ավետիք Էլոյան
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով շահառու է ճանաչվել 5381 ընտանիք: Այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:
Նրա խոսքով՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակպահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված ընտանիքները Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերից են:
Ավետիք Էլոյանը նշեց, որ 4839 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ ավարտին հասցնել մնացած 542 ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:
Ավետիք Էլոյանը հայտնեց, որ 2018 թվականի պետբյուջեով հատկացված 460 մլն. դրամի հաշվին Լոռու մարզի գյուղական բնակավայրերում կլուծվի ևս 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույցների ավարտմամբ: Այդ մասին ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի նիստում ընդունվել է համապատասխան որոշում, որի համաձայն կիսակառույցների շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2019 թվականի մարտին և ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը:
«Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 3.5 մլրդ. դրամ»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեով այդ աշխատանքների համար արդեն իսկ նախատեսված է 560 մլն. դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում կատարված աշխատանքները
- Գյումրիում անցկացվում է ՀՀ կառավարության արտագնա նիստ՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին