Ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան (լրացված է)
13։25
«Քվեարկել եմ հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի համար»,- այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նա քվեարկեց Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում: Փաշինյանը քվեարկության էր եկել ընտանիքի՝ կնոջ և երեք դուստրերի հետ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ընտրություններից հետո կոալիցիա կկազմե՞ն այլ ուժերի հետ, նա պատասխանեց, որ եթե սոցիալական հարցումները արտահայտում են ժողովրդի կամքը, կոալիցիա չի լինի:
Հարցին, թե ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ասել է՝ քարոզարշավին վարչական ռեսուրս է կիրառվել, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց. «Երբ է կիրառվել, որտե՞ղ»: Այնուհետև հավելեց. «Եթե վարչական ռեսուրսի կիրառման փաստեր պարզվեն, ապա դրանք կիրառողները կպատժվեն»:
13։20
Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ», նշեց. «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել»։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը, և կարծում եմ, որ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը, սկզբից մինչև վերջ շինծու է: Ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է։ Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն։ ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե իր ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը ցույց է տալիս, որ վարչապետի պաշտոնակատարը դատական համակարգին ցուցումներ է տալիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործով:
«Այդ հեռախոսազրույցների դա ապացուցող մասերը, մոնտաժված են: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր է»,- ընդգծեց նա:
Ըստ նրա՝ այդ գաղտնալսումից հաստատվեց, որ ինքը Սանկտ Պետերբուրգում է իմացել Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին:
Խոսելով ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանի կողմից պետական դավաճանության մեղադրանքների մասին հնչեցված հայտարարությանը՝ նա նշեց. «Եթե մեկը թաքցնում է պետական դավաճանության փաստը, նա առնվազն պետական դավաճանությանը նպաստող, աջակցող, օժանդակող մեկն է: Հետևաբար, նրանք, որոնք մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, հենց իրենք են պետական դավաճաններ, քանի որ չեն գնում ԱԱԾ ցուցմունք տալու: Կամ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ ներկայացնեն»:
Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խոսեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին: Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա:
«Ոչ մի որոշման չենք հանգել: ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Նախ ՀԱՊԿ-ի նիստը տեղի չի ունեցել, ու դրանով ամեն ինչ ասված է: Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է, և ես ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ: Այսպես, թե այնպես Հայաստանի ժամկետը պետք է սպառվի: Շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք շատ լրջորեն քննարկվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին