Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 12 հաղորդում
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ստացված հաղորդումներից 1-Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1 ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվերակություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետևանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:
Նշենք նաև, որ Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» վերանվանվել է «Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն»:
Վարչության ստեղծումը հնարավորություն է ընձեռում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Հանձնաժողովի անդամը քվեարկության օրը տեղադրել է իր վկայականը Ինստագրամի անձնական էջում՝ նշելով #իմքայլը. «Անկախ դիտորդ»
- ՊՆ թեժ գծով ստացված զանգերը հիմնականում վերաբերել են զորամասերից զինծառայողների տեղափոխման հարցերին
- Քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ը հաղորդվել է 23 խախտումների մասին. «Ականատես»
- Արմավիրի տեղամասերից մեկում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է. «Անկախ դիտորդ»
- Հելսինկյան կոմիտեի արձանագրած ընտրախախտումները՝ Գյումրիում, Մասիսում, Ճամբարակում և Սիսիանում
- «Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում