«Ականատես» դիտորդ. Քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում
Ժամը 9։00-ի դրությամբ, «Ականատեսը» հաղորդումներ է ստացել ընտրանքի 100% տեղամասերից:
Ընտրատեղամասերի 96%-ում ապահովվել է քվեարկության նախապատրաստմանը ներկա հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քվորում։ Կողմնակի անձանց ներկայություն է նկատվել ընտրական տեղամասերի 1%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են ընտրական տեղամասերի 98%-ում, քվեատուփերի մասով՝ ընտրական տեղամասերի 99%-ում։ Ընտրական տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը։
Ընտրատեղամասերի 96%-ի կահավորումն ապահովում է քվեարկության գաղտնիությունը։ 4% տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։ Դիտորդները պարզել են, որ ընտրական տեղամասերի 48%-ը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։ Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8,33%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9,67%-ը՝ 8:01-8:15-ը ժամանակահատվածում, իսկ 0,33%-ը (թիվ 25/15 ընտրատեղամաս)` 8:16-ից հետո։
Ըստ տարածած տեղակատվության, քվեարկության նախապատրաստական փուլում գրանցվել է 17 խախտում, որոնք ներկայումս ստուգվում են։ Դիտորդները մնալու են իրենց ընտրական տեղամասերում մինչև դրանց փակումը և քվեաթերթիկների հաշվման ավարտը։
«Ականատես» տեղական, անկախ դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ․ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, «Ասպարեզ» լրագրողական ակումբի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Առաքելության հիմնական նպատակը ՀՀ-ում ազատ և արդար ընտրությունների անցկացմանը նպաստելն ու ընտրական գործընթացների և հաստատությունների զարգացումն է։
ՀՀ-ում առաջին անգամ «Ականատեսը» դիտորդություն է անելու ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Վերջինս գնահատում է ընտրության օրվա գործընթացները՝ օգտագործելով ընտրական տեղամասերի թվից պատահական ներկայացուցչական ընտրանք:
Նախաձեռնության շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող 300 ընտրական տեղամասեր են ուղարկվել մոտ 600 դիտորդ, ինչպես նաև շրջիկ դիտորդների 52 թիմ։ Առաքելությանն աջակցում են Երևանում տեղակայված 30 իրավաբան և 30 օպերատոր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան