Ժողովրդավարական հասարակարգերում ընտրություններին մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում. Արարատ Միրզոյան
«Դատելով տարբեր շտաբերի, մամուլում եղած տեղեկատվությունից, ինչպես խոստացել էինք, ինչպես հույս ունեինք, ունեցանք ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ ընտրողների կամարտահայտության վրա ճնշում չի եղել, համակարգված ընտրական գործընթացների վրա ազդելու փորձեր չեն եղել։ «Ինչ խոսք, մամուլում հայտնվել է հատվածական, մեկ-երկու տեղեկատվություն, որքանով հասկացա, ընտրատեղամասերի կուտակումների հետ կապված, և դրանք շատ արագ լուծվել են իրավապահ համակարգի շնորհիվ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ընտրություններին քաղաքացիների մասնակցությանը, Արարատ Միրզոյանի գնահատմամբ, կարծես թե, մասնակցությունը ցածր չէ, բայց նաև բարձր էլ չէ։ Ըստ նրա՝ համացանցում էլ կան բազմաթիվ պնդումներ, որ իրականում երկրում գտնվող ընտրողների թիվն ավելի փոքր է, քան ավանդաբար ընդունվել է որպես հիմք հաշվարկի համար: «Այս առումով, միգուցե մի քանի տոկոս իրական պատկերն ավելի է, քան վիճակագրական տվյալները կարող են խոսել: Բացի այդ, ազատ, ժողովրդավարական հասարակարգերում, այնուամենայնիվ, մասնակցության բարձր տոկոս չի գրանցվում: Այնպես որ, մեդալը երկու կողմ ունի»,- ընդգծեց փոխվարչապետի պաշտոնակատարը։
Դիտարկմանը, թե ԿԸՀ կազմը նախկին իշխանությունների ժամանակներից չի փոխվել, ի՞նչ ակնկալիք ունեն ընտրական հանձնաժողովների և ԿԸՀ-ի աշխատանքից, արդյոք կվստահեն ԿԸՀ-ին, Արարատ Միրզոյանը նշեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ, և նրանք զարմացած արձանագրել են, որ նույն ընտրական օրենսդրությամբ, նույն ընտրական ինստիտուտներով, նույն ԿԸՀ կազմով միանգամայն այլ ընտրական գործընթացներ են կազմակերպվում. «Այս առումով, իհարկե, թվերը վստահելի են: Բացի այդ, բոլոր տեղամասերում կան տեսախցիկներ, կան դիտորդներ, հանձնաժողովականներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլն»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որտեղ է իրեն տեսնում՝ գործադի՞ր իշխանությունում, թե՞ օրենսդիրում, Արարատ Միրզոյանն ասաց, որ երկու տարբերակն էլ շատ հանգամանալից կերպով քննարկվում է թիմի ներսում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա