ՊՆ թեժ գծով ստացված զանգերը հիմնականում վերաբերել են զորամասերից զինծառայողների տեղափոխման հարցերին
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ տեղեկության՝ որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ համարվել և այլընտրանք չունի։
«Զորամասերի մոտ տեղակայված ընտրաեղամասերում քվեարկողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստոեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում, «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է, որպես շարքում կանգնած։
ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հրահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Թեժ գիծը շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը: