Ընտրութունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
«ՀՀ Ազգային ժողովի 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները էական առաջընթաց քայլ էին նախկին հանցավոր ռեժիմին հեռացնելուց հետո Հայաստանում ժողովրդավարության հաստատման և ազգային պետականության կայացման ճանապարհին:
Քվեարկությունը, չնայած դրա ընթացքում արձանագրված խախտումներին, ընդհանուր առմամբ եղել է ազատ ու թափանցիկ, ինչի շնորհիվ ժողովուրդն ազատորեն արտահայտել է իր կամքը:
Այդուհանդերձ՝ անհրաժեշտ է նշել, որ ընտրութունների արդյունքների վրա շոշափելի ազդեցություն ունեցան մի շարք գործոններ, որոնք պայմանավորված էին Ընտրական օրենսգիրքը և Կուսակցությունների մասին օրենքը չփոփոխելու հանգամանքով: Դրա հետևանքով ընտրություններին մասնակցող ուժերի միջև առաջացավ անհավասար մրցակցություն և, օլիգարխիան, օգտվելով ընձեռնված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան:
Այդ պատճառով ստիպված ենք փաստել, որ ընտրությունները չեն կարող անվերապահ կերպով համարվել արդար:
Անկախ այս հանգամանքից, կարևորելով ժողովրդի ազատ կամաարտահայտության փաստը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը ճանաչում է ընտրությունների արդյունքները, շնորհավորում է «Իմ Քայլը» դաշինքին՝ նրա տարած հաղթանակի առթիվ և ապագա կառավարությանը մաղթում է արգասաբեր աշխատանք»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդի ուղերձը՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով
- Հուսով եմ՝ նոր Ազգային ժողովն ըստ ամենայնի կնպաստեն ՀՀ զարգացմանն ու զորացմանը
- ՀՀԿ. Ընտրություններն ամփոփող պաշտոնական տվյալներն չեն արտահայտում այն արդյունքը, որի համար պայքարում էինք
- ՀՅԴ. Սա պարտություն է
- Գագիկ Ծառուկյան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում