Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
«Դեկտեմբերի 9-ին Հայստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ՀՀ սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համահունչ՝ բաց և թափանցիկ։ Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում ապահովվել են ազատ կամարտահայտության համար անհրաժեշտ պայմանները»,- այսօր տեղ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին՝ հավելելով, որ ընտրությունների օրն առաքելության ներկայացուցիչները եղել են բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև 677 ընտրատեղամասերում։
«Քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխան։ Տեխնիկական սարքերը մեծամասամբ աշխատել են անխափան՝ չնայած որոշ աննշան խափանումներ գրանցվել են։ Իրենց հաշվետվություններում ԱՊՀ դիտորդները նշել են առանձին խախտումներ, որոնք առաքելության կարծիքով չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Քվեաթերթիկների հաշվվման գործընթացն անցել է օրենքին համապատասխան»,- ասաց նա։
Բանախոսը նաև նշեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունն արդեն իսկ ավարտել է իր աշխատանքները, և մոնիթորինգի արդյունքներով կազմվել է եզրափակիչ փաստաթուղթ։
«ԱՊՀ դիտորդական առաքելությունն իրականացրել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման մոնիթորիգ։ Առաքելության կազմում հավատարմագրվել են ԱՊՀ 8 պետությունների 84 ներկայացուցիչներ։ Նրանցից 16-ն աշխատել են երկարաժամկետ հիմունքներով։ ԱՊՀ դիտորդական առաքելությունն աշխատել է բաց և չի խառնվել ընտրական գործընթացներին ու պետության ներքին գործերին»,- հավաստիացրեց բանախոսը։
Վիկտոր Գումինսկին նկատեց, որ քարոզարշավի ժամանակահատվածը բավական կարճ է եղել, սակայն օրենսդրությունն ընձեռել է բոլոր հնարավորությունները՝ այդ կարճ ժամակամիջոցում նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Նրա համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր ուժերի համար ապահովվել են նախընտրական քարոզչության հավասար պայմաններ։
Օտարարկրացի դիտորդը ընդգծեց, որ հավասար պայմաններ են ապահովել նաև ՏԻՄ-երը՝ բոլոր ուժերին տրամադրելով ընտրողների հետ հանդիպման դահլիճներ։
«Չեմ կարող չնշել ԿԸՀ-ի հստակ աշխատանքի մասին։ Այդ կառույցը կարճ ժամանակահատվածում կարողացավ իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ուղղված ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն ԿԸՀ-ն հատկացրել է ընտրակշառքների բաժանման կանխարգելմանը»,- ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչը՝ հավելեով, որ ընտրությունների ընթացքը լուսաբանել են 39 հեռուստառադիոընկերություններ։
Անդրադառնալով նախընտրական խախտումներին՝ Վիկտոր Գումինսկին առանձնացրեց որոշ ուժերի ներկայացուցիչների քարոզչական նյութերի՝ չնախատեսված վայրերում փակցնելու հանգամանքը։ Այսօրինակ խախտումների մասին նամակներով դիտորդները դիմել են Երևանի քաղաքապետին և մարզպետերին՝ հորդորելով հեռացնել նշված պաստառները։ Գումինսկին նաև ուշադրություն հրավիրեց նախընտրական շրջանում խախտման մեկ դեպքով հարուցված գործի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Մուկուչյանը ներկայացրեց մանդատների բաշխման գործընթացը
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ ընդունել են փաստաթուղթ
- Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին