Բակո Սահակյան. Այդ ուղին անկասելի է ու անշրջելի
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած ուղերձում ասված է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին: Այդ պատմական որոշումներն ընդունվեցին համաժողովրդական հանրաքվեների միջոցով՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին, օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, ընդունվեցին միակամ ու միասնական:
Արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ հօգուտ իր հողում անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ հավատարիմ մնալով օրենքի և մարդու իրավունքների անվերապահ գերակայությանը, ժողովրդավարության սկզբունքներին, համամարդկային ու ազգային արժեքներին:
Անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ մենք հաստատակամ ենք ու վճռական՝ պահպանելու ու ամրապնդելու քաջ հայորդիների արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը, բազմապատկելու համայն հայության ջանքերով կերտված փառապանծ հաղթանակները, քանզի այդ արժեքները սրբություն են ողջ հայ ժողովրդի համար:
Այդ ուղին անկասելի է ու անշրջելի: Այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր պետականության շարունակական զորացման, ժողովրդի անվտանգության ապահովման, պաշտպանունակության հետևողական ամրապնդման, տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:
Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան