Լյովը ժամանել է «Արսենալի» մարզաբազա, Օզիլը չի ցանկացել տեսնել նրան
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է, որ չի հասկանում պատճառը, թե ինչու «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը չի ցանկանում շփվել իր հետ: Մասնագետը ժամանել է Լոնդոն և այցելել «զինագործների» մարզաբազա` Օզիլի հետ անձամբ խոսելու համար, սակայն ֆուտբոլիստը չի ցանկացել տեսնել նրան:
«Մեսուտը չեկավ մարզման, ուստի պետք է խոստովանենք, որ նա չի ցանկանում ներկա պահին խոսել ինձ հետ: Չեմ հասկանում պատճառը: Հիասթափված եմ, քանի որ Մեսուտն իր որոշման մասին ինձ ոչինչ չի ասել, իսկ հիմա էլ խուսափում է հանդիպումից: Բոլորն էլ գիտեն, որ ես միշտ պատրաստ եմ խոսել, սակայն Օզիլի կողմից որևէ քայլ չի եղել: Շատ կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց եթե այսպես է ստացվել, թող այսպես լինի»,- ասել է Լյովը:
Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2009-2018 թթ.: Բունդեսթիմի կազմում 2014 թ. հռչակվել է աշխարհի չեմպիոն: Ռուսաստանում կայացած «Մունդիալ-2018»-ից հետո նա հայտարարել էր, որ ավարտում է մրցելույթներն ազգային թիմում: Ֆուտբոլիստի խոսքերով` թուրքական ծագման պատճառով բախվել է ռասիզմի հետ: