ՄԻՊ. Պետք է բացառել ցանկացած հետնահանջ ժողովրդավարական զարգացումներից
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։
ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի տարածած ուղերձում մասնավորապես ասված է.
«Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշական է հիմնարար նշանակության իրադարձությամբ՝ պայմանավորված հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններով:
Ակնհայտ է, որ 2018 թվականը նշանավորվեց ժողովրդավարական բարձր ձեռքբերումներով: Հայաստանի քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի իրացման շնորհիվ հասնել երկրում սկզբունքային փոփոխությունների: Այդ փոփոխությունների ամրապնդման կարևորագույն շրջափուլը եզրափակեց քաղաքացու կամքի ազատ իրացումը խորհրդարանական ընտրություններին մասնակցության միջոցով:
Քաղաքացիների բարձր վստահության վրա հիմնված ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգն ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն:
Պետության ամրության հիմնարար գրավական է քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը ապահովելը: Հանրային իշխանության խնդիրն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումն իրավունքի գերակայության ու ժողովրդավարական բարձր արժեքների ապահովմամբ:
Սա է այն ուղին, որը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառել ցանկացած հետնահանջ ժողովրդավարական զարգացումներից և արձանագրված ձեռքբերումներից:
Վստահ եմ, որ այս մոտեցումն այլընտրանք չունի»։