«Հրապարակ». ՀՅԴ-ում բունտ է հասունանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման, անշուշտ, Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամ է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին՝ չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս անգամ ՀՅԴ-ն հավաքել է ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%, ինչն անցողիկ չէ։ Սա մի կողմից խոսում է այն մասին, որ հասարակությունը մերժեց նախորդ իշխանության մեջ տեղ զբաղեցրած ուժերին, մյուս կողմից՝ որ չներեց ՀՅԴ-ի ճամբարափոխությունը։ Սակայն այլ վերլուծություն ևս կարելի է անել։
Օրինակ այն, որ ՀՅԴ-ն այս անգամ վատ է կազմակերպել նախընտրական քարոզարշավը, սխալ կարգախոս է ընտրել, տխուր պաստառ և վստահություն չներշնչող եռյակ՝ ցուցակի առաջին համարներում։ Իսկ նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքները կոորդինացնում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ ԳՄ հայաստանյան կառույցի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Եվ չնայած ռեյտինգային թեկնածուներն այս տարի չէին զիջում անցած տարվա թեկնածուներին, և նրանցից ոմանք քրտնաջան աշխատել են, սակայն արդյունքներն են էականորեն զիջում 2017-ի արդյունքներին։
Ի դեպ, ՀՅԴ-ն պետք է նոյեմբերին ընդհանուր ժողով աներ, որի արդյունքում ՀՅԴ ղեկավար մարմինը՝ Բյուրոն է ընտրվում, և առաջիկա տարիների մարտավարություն է որոշվում, սակայն ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով ժողովը հետաձգվել է մինչև հունվարի 15-ը։ Ենթադրվում էր, որ այդ ժողովի ընթացքում Բյուրոյի կազմն ամբողջությամբ կփոխվի, մանավանդ՝ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնին հրաժեշտ կտա 2000 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Հրանտ Մարգարյանը, սակայն մենք տեղեկացանք, որ ժողովի պատվիրակների ընտրության ժամանակ «հաղթել» են Մարգարյանի մարդիկ, ուստի քիչ հավանական է, որ նրան դեմ քվեարկեն կամ այլ թեկնածուի՝ կողմ։
Բայց ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել, և ներքին բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին և առհասարակ ՀՅԴ ղեկավարներին փոխելու պահանջով։ Նրանց են վերագրում ձախողումների ալիքը։ Թե որքանով հետևողական կլինի այդ պահանջը, և կկարողանա՞ն արդյոք Դաշնակցությունում ևս սերնդափոխություն իրականացնել, կերևա մոտ ամիսներին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան