Հավաք Հանրապետության հրապարակում. Եթե Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, նշանակում է, որ դատարան գոյություն չունի
Հանրապետության հրապարակում՝ շատրվանների հարևանությամբ, մեկնարկել է հավաք ի պաշտպանություն կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։
Ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միություն ֆեյսբուքյան էջը, պայքարը հանուն արդարադատության վերականգնման և օրինական Հայաստանի ստեղծման է։
«Այսօր Հայաստանում չկա գործող օրենք, և որպես հետևանք կալանավորված է Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,-նշել էին կազմակերպիչները։
«Սկսում ենք պայքար, այն լինելու է երկարատև, քանի որ հաղթական վերջակետը լինելու է այն, որ հարգվի ՀՀ սահմանդրությունը, դրանից սկիզբ առնող օրենքները, միջազգային կոնվենցիաները, մարդու պատվին, արժանապատվությանը հասցվող վնասը, այն էլ ընտրողաբար, տեղ չպետք է ունենա Հայաստանում։ Նշանակել մեղավոր և հայտարարել, որ այդ մեղավորը նշանակված է լրատվամիջոցների կողմից, և չհիշելով, որ մեղավոր նշանակելու մի իրավասու մարմին կա, դա դատարանն է, ավելի ճիշտ դատարանն էր։ Այլևս չկա դատարան»,-հայտարարեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մինասյանը։
Նա նշեց, որ դատարանին, արդարադատությանը նույնիսկ միջամտության փորձը մարդկության դեմ հանցագործություն է։
«Մենք պահանջում ենք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, եթե Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվի, էդ նշանակում է, որ դատարան գոյություն չունի։ Օգոստոսի 17-ից սկսած, այն դատավորների վրա, ովքեր վերաքննիչ դատարանում վճիռ կայացրեցին, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է դուրս գա, աննախադեպ ճնշում գործադրվեց, դա միջազգային իրավունքի ու այն մեկնաբանողների տեսակետից, արդեն խախտում է»,-ասաց նա։
Ելույթ ունեցողը հայտարարեց, որ արդարադատության մակարդակը Հայաստանում իջել ու հավասարվել է Սոմալիին, երկրի գլխավոր դատախազը ՀՀ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը ներկայանումէ ու փորձ անում ճնշել։
«Բա ինչի՞ մյուսների դատին չեք գնացել, ինչի՞ եք ընտրողաբար գնում, ի՞նչ է խոստումներ ունեիք, թե՞ դա էր Ձեր միակ ջրի երես մնալու հարցը, որ Ձեր մյուս խախտումները չդնեին Ձեր դեմքը։ Եվ ինչի՞ Դուք ամեն օր դատարաններում չեք։ Դատախազությունը ոչ միայն խախտել է ՀՀ բոլոր օրենքները, այլև միջամտել է, ինչն ամենասարսափելին է։ ԱԱԾ պետն էլ է միջամտում դատարանին»,-հայտարարեց նա։
Ա. Մինասյանը կոչ արեց ներկաներին քայլել դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, ներկայացնելու իրենց մտավախություններն ու պահանջները։
Իսկ մինչ այդ մի շարք հարցեր հնչեցրեց. «Ինչի՞ մարտի մեկի հիմնական և միակ մեղավորը ազատություն է վայելում, և բանտարկյալ է այն մարդը, ով ընդհանրապես մարտի 1-ի դեպքերի հետ որևէ կապ չունի։ Մարդը կատարել է այն գործողությունները, որոնք պետք է կատարեր երկրի գլխավոր գերագույն հրամանատարը։ Բա ինչի՞ Մակրոնին չեն ձերբակալում, որ հայտարարել է՝ Ֆրանսիան վեր է ամեն ինչից, զոհեր կարող էին չլիներ, բայց նրանք եկան այնտեղ, որտեղ թեժ էր»։
Ավելի վաղ «Ազատություն ՆԱԽԱԳԱՀԻՆ» նախաձեռնող խումբն ավելի վաղ տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։
«Ազատություն Նախագահին» նախաձեռնությունը գնահատում է տեղի ունեցածը որպես «հակազգային ոճիր» , պահանջելու է անհապաղ ազատել Ռոբերտ Քոչարյանին, դադարեցնել նրա դեմ իրականացվող անձնական հաշվեհարդարը։
Ինչպես նաև՝ պահանջելու են դադարեցնել ճնշումները դատական համակարգի, անկախ լրատվամիջոցների ու խոսքի ազատության վրա՝ պահանջելու են «հանցավոր պաշտոնյաների հրաժարականը»։ Հայտարարությամբ մեղադրվում է գործող վարչակազմը, որը՝ «հետևողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար»։
Նախաձեռնությունը հայտարարում է հանրահավաքային պայքարի փուլի սկիզբը դեկտեմբերի 11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան