Լիոնում հայերից, ադրբեջանցիներից ու վրացիներից կազմված հանցավոր խումբ են ձերբակալել
Ֆրանսիայի Լիոն քաղաքում իրականացրած լայնածավալ հատուկ գործողությունների արդյունքում Ֆրանսիայում, Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբի 22 անդամներ են ձերբակալվել։ Խմբի կազմում եղել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի քաղաքացիներ։
«Գրուզիա Օնլայն»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բորցվաձեն։
Ըստ նրա, ձերբակալվածների թվում Վրաստանի տասը քաղաքացիներ կան, որոնցից երկուսը «օրենքով գողեր» են։
Բորցվաձեն նշել է, որ նրանք մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգման, փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի անօրինական տեղափոխման համար։ Նրանց սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում։
Նա նշել է, որ հատուկ գործողությանը մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի, Վրաստանի իրավապահ մարմինների 300 աշխատակիցներ, ներգրավված են եղել հատուկ ծառայության աշխատակիցներ, կինոլոգներ, ուղղաթիռ։