«Ես պատվով հեռանում եմ». Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրեն
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում արդեն տասներորդ օրն է դասադուլ է, պատճառը՝ նոր տնօրենի ընտրությունն է։ Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցում է եղել՝ խնդիրը պարզելու նպատակով։ Դպրոցում ներկա նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը նշել է, որ ինքը տնօրեն է 2005 թվականից:
Դպրոցի բակում հավաքված հարյուրավոր ծնողները պահանջում էին, որ նոր ընտրված տնօրենը հեռանա։ Նրանց հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ տնօրենի մրցույթը օրինական է եղել, հետևաբար արդյունքներն էլ օրինական են և ոչ մի մեխանիզմ չկա, որ այդ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարվի։
«Նախընտրական հավաքի ժամանակ ինձ ասել էին, որ խնդիր կա դպրոցում ու ես ասել էի, որ կայցելեմ, կտեսնեմ թե ինչ է կատարվում։ Չեմ կարծում, թե երկրի վարչապետը պետք է դպրոցի տնօրենի հարցով զբաղվի, բայց այս կարգի քննարկումներն ինձ համար էլ են շատ օգտակար, քանի որ հանրակրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով մենք անպայման պետք է զբաղվենք»։
Հավաքվածների դիտարկմանը, թե դպրոցի տնօրենի ընտրության հարցում խորհրդի անդամների վրա ճնշումներ, սպառնալիքներ են եղել, Փաշինյանն ասաց, որ դա կարող հիմք դառնալ ընտրությունները չեղյալ հայտարարելու համար. «Դրա համար անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները քննեն ճնշումների մասին հայտարարությունները։ Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետը տիկին Բալյանին տնօրեն կնշանակի, օրենքով այլ տարբերակ չկա։ Երեխեք ջան, վաղվանից եկեք դասի»։
Ուսուցչական անձնակազմից մի քանի աշխատակիցներ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեցին, որ աշխատանքից դուրս գալու դիմում են գրում, քանի որ չեն պատրաստվում աշխատել նոր տնօրենի հետ։
Նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանն էլ ասաց, որ այս հարցով դատարան չի պատրաստվում դիմել. «Ինձ հիմա մեղադրում են, որ ես եմ դասադուլի, դպրոցում այսօր ստեղծված իրավիճակի մեղավորը։ Մեղադրանքները չեմ ընդունում, ես ոչինչ չեմ կազմակերպել, եթե ես դա արած լինեի, այս պատկերը չէր լինի, ես իսկապես չեմ խառնվել դպրոցի խորհրդի աշխատանքներին։ Ես պատվով հեռանում եմ, թող մեր ընտրված տնօրենը գա երեխաների, ծնողների հետ խոսի և հարցերը լուծի։ Ես չեմ կարող հավաքվածներին հանդարտեցնել, թող նոր ընտրված տնօրենը դուրս գա և այդ հարցով զբաղվի։ Ծնողներն ու երեխաներն ազատ են իրենց կարծիքն ու կամքն արտահայտելու»:
Նորընտիր տնօրեն Աննա Բալյանն էլ ասաց, որ հնչող բոլոր զրպարտությունները պետք է գնան իրավական դաշտ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան