Փաշինյանը ծանոթացել է անազատության մեջ գտնվող կնոջ որդու ծառայակից ընկերների նամակին
Անազատության մեջ գտնվող Հասմիկ Սարգսյանի զինվոր որդու ծառայակիցները երեկ բաց նամակ էին ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Նրանք կառավարության ղեկավարից խնդրել էին ներում շնորհել իրենց ընկերոջ մորը։
Panorama.am-ը Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին հարց ուղղեց՝ ծանոթացե՞լ է Փաշինյանը նամակի բովանդակությանը, եթե այո, ի՞նչ որոշում է կայացրել։
Եղոյանը տեղեկացրեց, որ նամակն ու հարակից նյութերը տրամադրվել են վարչապետի պաշտոնակատարին, նա խնդրի մասին տեղեկացված է։
«Փաշինյանն ուսումնասիրում է գործի ընթացակարգային հանգամանքները»,-ասաց նա։
Նախօրեին հրապարակված ու Փաշինյանին ուղղված նամակում ասված է.
«Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։
Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։
Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։
Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։
Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը»։
Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանին ազատ արձակելու պահանջով նոյեմբերի 28-ին բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև արդարադատության շենքի դիմաց։
Ի պատասխան ակցիայի նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց, թե էլ ինչ հանցագործություններ է կատարել Հասմիկ Սարգսյանը, նաև ավելացրեց, որ ներման խնդրագրի միջնորդությունըհամապատասխան ընթացք կստանա: