Մինչև բանակցությունների ավարտը գազի սակագինը կպահպանվի. Գարեգին Բաղրամյան
Ռուսաստանի հետ դեռևս շարունակվում են գազի սակագնի շուրջ բանակցությունները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նշենք, որ տարեվերջին ավարտվում է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն նախարարի պաշտոնակատարը վստահեցնում է, որ պայմանագրի ժամկետի ավարտը խնդիր չէ, ժամկետն այնքան կերկարաձգեն, մինչև բանակցություններն ավարտվեն:
«Դրանք բավականին ծանր և երկար ժամանակ պահանջող բանակցություններ են: Այսինքն՝ քանի դեռ պայմանավորվածություն չկա, պայմանագիրն ավտոմատ երկարաձգվելու է, այնպես չէ, որ հունվարին գազ չենք ստանալու»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ 2019 թ-ի հունվարի 1-ից գազի սակագինը կպահպանվի, եթե բանակցությունները ավարտված չլինեն:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ Սանկտ Պետերբուրգում այս հարցով զրույց է եղել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, սակայն զրույցի մանրամասների մասին նա տեղյակ չէ։
Գարեգին Բաղրամյանը նշեց նաև, որ օրենսդրությունը թույլ է տալիս, որ ցանկացած պահի, երբ կողմերը կգան համաձայնության, սկսել գների վերանայման գործընթացը:
Հարցին՝ ինչ գնի շուրջ են բանակցությունները, նա պատասխանեց․ «Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, թիվ չեմ ասի: Բնականաբար, բանակցում ենք սակագնի նվազեցման համար»:
Դիտարկմանը, թե արդյոք ԵԱՏՄ-ում չի բարձրացվում հարցը՝ եթե Հայաստանի սահմանին գազն արժե 150 դոլար, իսկ օրինակ, Սմոլենսկի նահանգում՝ 70 դոլար, Բելառուսի սահմանում՝ 130 դոլար, այդ պայմաններում հայաստանցի արտադրողները ինչպե՞ս պետք է մրցեն նույն Մաքսային միության շուկայում գտնվող երկրները, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ում քննարկվում է գազամատակարարման ընդհանուր շուկայի ձևավորման հարցը, որտեղ լինելու են ոչ խտրական մոտեցումներ այդ շուկայի մասնակիցների միջև։ Պետք է հաշվի առնել, որ ի տարբերություն Սմոլենսկի, Հայաստանի դեպքում ունենք տարանցիկ երկիր և պետք է վճարվի տարանցման գին»։
Նա միաժամանակ նշեց, որ եթե բնական գազ օգտագործող արտադրողները բարձր տեխնոլոգիաներ կիրառեն, շատ ավելի լավ պայմաններում կհայտնվեն։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագնի հարցով բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
- Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան