Կապահովվի ևս 26 դպրոցի սեյսմիկ անվտանգությունը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հաստատել «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը: Այդ դպրոցները ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման և/կամ նորի կառուցման: Վերջիններս համարվում են սեյսմիկ անվտանգության տեսակետից բարելավման անհրաժեշտություն ունեցող առաջնահերթ դպրոցներ:
Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա են համարվել 425 պետական հանրակրթական դպրոց: Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության 2017 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։
Ներկայում շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից 5-ի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում: