Անուն, ազգանուն, հասցե, ստորագրություն՝ իրավունքների խախտում
Եվրոպական առաջադեմ երկրներում անձնական տվյալների պաշտպանությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և տվյալների արտահոսքը կարող է լրջագույն խնդիրներ հարուցել։ Հայաստանում անձնական տվյալների գաղտնիության հարցը դեռևս բազմաթիվ բացեր ունի, ինչպես օրինակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էջում ընտրողների անձնական տվյալների հասանելիությունը յուրաքանչյուր հետաքրքրվողի։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանի հետ, ով նշեց, որ ԿԸՀ-ում տվյալների երկարաժամկետ տեղադրումն իսկապես անձնական տվյալների պաշտպանության խախտում է։
«Այս հարցը 3-4 տարի է՝ անընդհատ շրջանառվում է, բայց նախորդ իշխանությունների օրոք ընդդիմության և կառավարության միջև տեղի է ունեցել քաղաքական կոնսենսուս, որ, այո, մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը խախտվում է, սակայն դա արվում է ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով»,- ասաց Շուշան Դոյդոյանը։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրը միաժամանակ շեշտեց՝ ընտրական գործընթացներից հետո տվյալները պետք է հեռացվեն, մինչդեռ դրանք ամբողջ ընթացքում շարունակում են բաց ռեսուրս մնալ։
«Նույնիսկ տվյալներն այնպիսի մի ֆորմատով են հրապարակվում, որ հանգիստ կարելի է ներբեռնել, պահել և դրանց հետ ցանկացած գործողություն կատարել։ Նախկինում ստորագրությունները չկային, հիմա տվյալներին նաև ստորագրություններն են ավելացել, և շատ ավելի խոցելի են դարձել հատկապես այն մարդիկ, որոնք ունեն բացառիկ անուն-ազգանուն, և նրանց անձնական տվյալները չեն կրկնվում՝ օրինակ իմ պարագայում։
Ես, ցավոք սրտի, միակն եմ և շատ հանգիստ կարող եմ թիրախավորվել՝ անձնագրի տվյալներ, հասցե, ստորագրություն։ Սա լուրջ խնդիր է առաջացնում, և ես բազմիցս այս հարցը բարձրացրել եմ, սակայն հարցը լուծում չի ստացել։ Լավ կլինի՝ նոր իշխանությունների օրոք ևս այս հարցը բարձրացվի։ Ճիշտն այն կլինի, որ տվյալների հասանելիությունը փակվի և հաջորդ անգամ բացվի միայն ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում»,- ասաց Շուշան Դոյդոյանը։
Հարցին՝ ինքն անձամբ պատրաստվո՞ւմ է նման նախաձեռնությամբ հանդես գալ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրը նշեց, որ այժմ զբաղված է առավելապես երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցերով։
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը մեզ հետ զրույցում ևս շեշտեց, որ ԿԸՀ-ում տվյալների հասանելիությունն, անշուշտ, անձնական տվյալների գաղտնիության խախտում է։
«Բայց մեր կարծիքով, քանի դեռ Հայաստանում ընտրական գործընթացների վերաբերյալ վստահություն չկա, քանի դեռ բացակա քաղաքացիների անունները կարող են ցուցակներում ներառված լինել, և ուռճացված ցուցակներ ներկայացվել, անձնական տվյալների հրապարակումը քիչ թե շատ թույլատրելի է։ Եվրոպական երկրներում սա, անշուշտ, խնդիր կհամարվեր, բայց մեր նման երկրներում ավելի ճիշտ է, որ տվյալները հրապարակվեն։ Սա հանրային շահ է, և ընտրությունների նկատմամբ վստահությունը շատ ավելի կարևոր և գերակա է»,- ասաց Սոնա Այվազյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում տվյալների գաղտնիության ժամանակները հեռու չեն։
Հարակից հրապարակումներ`
- Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է կորած փաստաթղթերը չհրապարակել համացանցում
- Գևորգ Հայրապետյանը՝ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ
- Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի. Շավարշ Քոչարյան
- ԱՆ-ն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը
- Անձնական տվյալներ օգտագործող հանցագործները հմտացել են, ուստի պետք է անընդհատ կրթվել. Սամվել Մարտիրոսյան
- Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն. Խորհուրդ ենք տալիս չգրանցվել GetContact համակարգում