Կենտրոն և Էրեբունի համայնքներում ջրանջատման պատճառների մասին
Այսօր Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաննների որոշ հատվածներում դադարեցվել է ջրամատակարարումը՝ 36 ժամով։
«Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է ջրանջատման պատճառների մասին։
Հաղորդագրության մեջ ասված է.
«Իհարկե, նման երկար ջրանջատումները համակարգում հաճախակի չեն, բայցևայնպես լինում են: Ու ամեն մեկն ունի իր լուրջ պատճառները: Թե ինչով է պայմանավորված այսօրվա ջրամատակարարման կանգառը, պարզաբանում է «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը:
- Խնդիրը հետևյալն է: Ընկերության կողմից Արզնիի աղբյուրի ջուրն արդյունավետ օգտագործելու շնորհիվ տարեցտարի ավելանում է այնտեղից «Արզնի-Երևան» մայրուղային ջրատարով Երևան հոսով ջրի քանակը: Խողովակաշարն անցնում է Արաբկիրով ու կտրուկ իջնում դեպի Աբովյան պուրակում գտնվող «Աբովյան պուրակ» օրվա կարգավորիչ ջրամբարը:
Իսկ ջրի քանակի ավելացում՝ կնշանակի նաև հիդրավիկ ճնշման ավելացում ջրամբարում: Առավել ևս երբ ջուրը, ինչպես ասացի, վերևից է գալիս: Դրա համար էլ որոշեցինք «Աբովյան պուրակում» կառուցել այսպես կոչված «մարիչ հոր»՝ իր 400մմ տրամագծով փականով, որտեղ ջուրը նախ «հանգստանում է», կորցնում իր հարվածային ուժը և հետո միայն շարունակում իր ճանապարհը: Մեր դեպքում այն մասամբ լցվում է տեղի ջրամբարը և հետո՝ բաշխիչ ցանցով տրվում սպառողներին, մասամբ էր առանձին խողովակաշարով ուղղվում է դեպի Այգեստան, Սարի Թաղ ու հարակից տարածքներ:
Նոր սխեման հետևյալ տեսքն ունի: Արաբկիրից եկող ջրագծից մենք կառուցում ենք շրջանցող խողովակաշար, որի վրա տեղադրվում է «մարիչ հորն» ու փականը: Այստեղից էլ արդեն «հանգստացած» ջուրը սահմանված ճշմամբ գնում է դեպի ջրամբար:
Հաշվի առնելով գործի զգալի ծավալը, աշխատանքներին ներգրավվել ենք շինարարական կազմակերպության, տեղում նախօրոք կուտակել ենք մետաղական նախապատրաստվածքներ, շինարարական տեխնիկա ու ծախսանյութեր: Աշխատում են նաև մեր «Կենտրոն» տեղամասի մասնագետները: Ամեն ինչ արվում է ծրագիրն արագ ավարտելու համար: Ելնելով տեխնոլոգիական առանձնահատկություններից, առաջինը ջուրը կստանան Այգեստանի ու Սարի Թաղի սպառողները, Երևանի փոքր կենտրոնին այն կտրվի քիչ ուշ՝ ջրամբարը լցվելուն համեմատ:
36 ժամը՝ դա առավելագույն ժամկետն է, որի շրջանակներում անպայման կտեղավորվենք: Բուն շինարարությունը շուտ կավարտվի, խնդիրը բաշխիչ ցանցը նորից մի քանի տասնյակ հազար խորանարդ մետր ջուր լցնելն է, այն տեղ հասցնելն ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելը: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Իհարկե, նման երկար ջրանջատում կենցաղային անհարմարություններ է ստեղծում սպառողների համար: Բայց «փոխհատուցումը» հավատացնում եմ լիարժեք կլինի. ավելի կայուն ու ապահով ջրամատակարարում:
Կից՝ այդ մասին լուսանկարաշարով, որը հենց նոր «Աբովյան պուրակից» մեզ ուղարկեց աշխատանքների ընդհանուր ղեկավար, «Արևելք» տարածաշրջանային փոխտնօրեն Գաբրել Մելիքսեթյանը»։