«Հյուսիս-Հարավ» ծրագիրը չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան. վարչապետի պաշոտնակատար
Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը և վերջինիս լիազորությունների իրականացումն ապահովել նախարարության կառուցվածքում ստեղծվող ստորաբաժանման միջոցով։
Ընդ որում, նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հիմնարկի՝ աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ ֆինանսների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։
Խնդրի շուրջ ծավալվեց մտքերի շահագրգիռ փոխանակում, անդրադարձ եղավ հարցի վերաբերյալ Համաշխարհային բանկի արտահայտած մտահոգություններին:
«Այսօր գործում են տարատեսակ հիմնադրամներ, ոչ առևտրային կազմակերպություններ, ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք վերածվել են պետական կառավարման համակարգին զուգահեռ պետական կառավարում իրականացնող կառույցների: Հիմա ֆինանսների մաքսիսում համախմբում իրականացնելու խնդիր է դրվել»,-նշեց Ատոմ Ջանջուղազյանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ նոյեմբերի 7-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունը նամակով պատասխանել է ու ներկայացրել պարզաբանումներ: Նրա խոսքով՝ այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու և անելու են նույն աշխատանքն ու լրացուցիչ այլ աշխատանքներ:
«ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու և պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում: Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե նույնիսկ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը:
Անդրադառնալով ծրագրերի իրականացմանը վերաբերող մտահոգությանը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես այդ մոտեցումը չեմ ընդունում. ի՞նչ է նշանակում ծրագիրն իրականացրել ենք: Հիմա Հյուսիս-հարավ ծրագիրն էլ ենք իրականացրել, ի՞նչ ենք իրականացրել. բռնել, թալանել ենք Հյուսիս-հարավ ծրագիրը: Ու լավ է, որ չի իրականացվել, որովհետև չիրականացնելով առաջին հերթին կանխվել է կոռուպցիան, և ես դրա մասին խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից: Մենք ունենք քաղաքական մոտեցում, և այդ քաղաքական մոտեցումն իրականացվելու է»:
Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման կարևոր բաղադրիչներից համարեց աշխատավարձերի բարձրացումը. «Դա մենք, ըստ էության, արդեն իրականացնում ենք: Ֆորմալ առումով չենք ասում՝ աշխատավարձը բարձրացվեց այսքան, համահարթ և համատարած, բայց այսօր պետական կառավարման համակարգում գնում է աշխատավարձերի բարձրացման հստակ գործընթաց: Ցավոք, ոչ համատարած, բայց համատարածությունը կախված է արդյունավետության բարձրացման փոփոխությունների տրամաբանությունից, որովհետև մենք ֆինանսավորումն ավելացնում ենք համաչափ, բայց, ցավոք, ոչ բոլոր տեղերում է այդ մեխանիզմն աշխատում: Հիմա, օրինակ, մեզ մոտ կան նախարարություններ, որոնք այս ընթացքում աշխատավարձերի շոշափելի բարձրացում են ունեցել, և կան նախարարություններ, որտեղ աշխատավարձերի շոշափելի բարձրացումներ տեղի չեն ունեցել, ընդ որում՝ բյուջեում մենք աշխատավարձի բազայի հետ կապված ոչ մի փոփոխություն չենք արել»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է դուրս գալ այն տրամաբանությունից, որ պետական կառավարման համակարգում աշխատում են մարդիկ, որոնք կարողություններ չունեն և կարողություններ ունենալու համար պետք է բացել նոր նախարարություններ՝ նոր աշխատավարձերով, նոր հաստիքներով, և, ընդ որում, նրանք ոչ մի պատասխանատվություն չունենան հանրության առաջ: