Կառավարության նիստում «ֆորմալի» մասին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին։
«Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է: Ուրախ եմ արձանագրել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով մեր կառավարությունը հանրապետության քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է՝ մեր անելիքները դեռ առջևում են, որ մենք առնվազն որոշ բաներ հասցրել ենք անել, ինչը Հայաստանի քաղաքացիներին հիմք է տվել մեր գործունեությունը շարունակելու մանդատ տալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց առաջիկա մի քանի կարևոր անելիքները: Առաջինն, ըստ նրա, տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է:
«Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա և դա առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա և իմ ուղիղ հանձնարարականն է, որ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար: Հույս ունեմ՝ որևէ ազդակ չեմ ստանա որևէ պաշտոնյայի մասին, որ որևէ ներդրումային նախագծի առաջ խոչընդոտներ են հարուցվում և այլն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, որ իրենց նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից է՝ ներդրումների և տնտեսական գործունեության հետ կապված բյուրոկրատական քաշքշուկների օրենսդրությամբ նախատեսված ինստիտուտը վերացնեն, հնարավորինս պարզեցնեն ընթացակարգերը, որպեսզի այդ առումով դե յուրե արհեստական խոչընդոտներ չլինեն:
«Հետևաբար, առաջիկա անելիքները ներդրումների խթանումն է, և բոլոր պոտենցիալ ներդրողների հետ շատ արագ պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը առաջիկա անելիքներից առանձնացրեց կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումները: Խոսքն, ըստ նրա, բարձրագույն կրթական համակարգը որակական նոր մակարդակի բերելն է, այն հստակեցնելը և նրա կապը իրականության ու տնտեսության կարիքների հետ ուժեղացնելը և իրողություն դարձնելը:
«Մենք խոսել ենք բարձրագույն կրթության ոլորտի համախմբման մասին: Ես կարծում եմ, որ մեծ դիսբալանս է առաջացել ֆորմալ bուհական համակարգի և գերատեսչական բուհական համակարգի միջև: Մենք պետք է ունենանք միասնական բուհական համակարգ»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բարեփոխումներ են անհրաժեշտ նաև առողջապահության ոլորտում:
«Առողջապահության ոլորտում լրջագույն բարեփոխումներ պետք է իրականացնել, որոնց նպատակը պետք է լինի առողջապահության հասանելիությունը մեր հանրության հնարավորինս լայն շերտերի համար: Հասանելիություն ասելով պետք է հասկանանք ոչ միայն ուղեգիր կամ որևէ ֆորմալ արձանագրում, որ մենք այդ ծառայությունը մատուցել ենք, այլ այդ ծառայությունները իրապես և ամբողջ ծավալով պետք է մատուցվեն: Այս համատեքստում կարևոր եմ համարում պետական կառավարման համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման խնդիրը: Որպես այս ամենի գագաթնակետ պետք է ընկալենք ՀՀ քաղաքացիների բարեկեցության մակարդակում էական ու շոշափելի փոփոխությունների արձանագրումը: Մեր ծրագրի կարևոր դրույթներից մեկն է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը և աղքատության մակարդակը էականորեն նվազեցնելու խնդիրը»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան