Չարենցավանի թիվ 3 դպրոցում դասապրոցեսը սկսվել է. վստահեցնում է Արայիկ Հարությունյանը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ դպրոցում դասապրոցեսը սկսվել է, մի քանի հարյուր աշակերտ դասապրոցեսին մասնակցում են, իսկ ուսուցիչների մեծ մասը ներկա է նոր տնօրենի ներկայացմանը:
«Մարզպետն ինձ տեղեկացրեց, որ եղել են ուսուցիչներ, որոնք երեկ դիմում են գրել, այսօր հետ են վերցրել, եղել են նաև այդպիսի աշակերտներ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով դպրոցի տնօրենի ընտրությանը՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրավական առումով խնդիրներ չեն եղել, նախկին տնօրենն էլ ԿԳ նախարարությունում արձագանքել է, որ իր դիմում-բողոքում բարձրացված հարցերը չեն համապատասխանել իրականությանը կամ պարզաբանվել են, այսինքն՝ հստակ ֆիքսվել է, որ ընթացակարգային խնդիր չի եղել։
Նրա խոսքով՝ իրենք գործել են օրենքի և իրավունքի սահմաններում:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ դպրոցի տնօրենների ընտրության կարգը վերանայվում է, մասնագետների հետ հարցը քննարկվել է, շրջանառության մեջ կա նախագիծ, որը հրապարակային կդառնա:
«Նախկին իշխանություններին ինչո՞ւմ էին մեղադրում, որ նրանք կառավարման խորհուրդներում ունեին կիսով չափ ձայներ, այսինքն` 50 տոկոսը նշանակում էր պետությունը, և հաճախ ասում էին, որ պետությունը միջամտում է և ազդեցություն ունենում ընտրությունների ելքի վրա: Հիմա մենք շատ ավելի մեծացնում ենք ծնողական և մանկավարժական խորհուրդների դերն այս հարցում, մեխանիզմներ են դրել, որ կողմերի ամբողջական կարծիքը ներկայացվի: Այդ թիվը մեծանալու է, 9 է լինելու. ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի անդամների թիվը 3-ական է լինելու, 3-ը լինելու են պետության կողմից` 2-ը` մարզպետարանից, 1-ը` նախարարությունից, եթե վերաբերվում են համայնքային դպրոցներին: Մենք նաև խիստ մեխանիզմ ենք դրել, որ այդ երեքական ձայների բաշխումը արդար լինի և բոլորի ամբողջական կարծիք ներկայացնի։ Այս տարբերակը ներկայում քննարկվում է»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցին Չարենցավանի դպրոց՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ քարոզարշավի ժամանակ ծնողները մոտեցել էին և խնդրել նրան հարցին լուծում տալ, վարչապետն էլ խոստացել էր, որ այցելելու է դպրոց։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում 10 օր դասադուլ է եղել, պատճառը՝ նոր տնօրենի ընտրությունն է։ Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ դպրոցում է եղել՝ խնդիրը պարզելու նպատակով։
Դպրոցի բակում հավաքված հարյուրավոր ծնողները պահանջում էին, որ նոր ընտրված տնօրենը հեռանա։ Նրանց հետ զրույցում Փաշինյանն ասել էր, տնօրենի մրցույթը օրինական է եղել, հետևաբար արդյունքներն էլ օրինական են և ոչ մի մեխանիզմ չկա, որ այդ մրցույթի արդյունքները չեղյալ հայտարարվի։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը հորդորեց գնալ հարցի լուծման իրավական ճանապարհով, իսկ երեխաներին հորդորեց՝ անպայման դասի գնալ։
Նշենք, որ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանը կրթօջախը ղեկավարում էր 2005 թվականից:
Հարակից հրապարակումներ`
- Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշակերտներից շատերը չեն լսել Փաշինյանի հորդորը
- «Ես պատվով հեռանում եմ». Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան