Չարենցավանի թիվ 3 դպրոցի աշակերտներից շատերը չեն լսել Փաշինյանի հորդորը
Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում, չնայած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հորդորներին, բացակա աշակերտները շատ են։
Ուսուցիչներից մեկը Panorama.am-ին հայտնեց՝ դասարաններ կան, որ ընդհանրապես ներկա չկա, մյուս դասարանների աշակերտների մի մասն է ներկա։
«Տասնից ավելի ուսուցիչներ ազատման դիմումներ են գրել, մոտ 150 երեխայի տեղափոխման համար էլ դիմում են գրել ծնողները, որպեսզի տեղափոխեն այլ դպրոցներ։ Չի կարելի ասել, որ նորմալ դասապրոցես է»,-ասաց նա՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի։
Ծնողներից մեկն էլ Panorama.am-ին ասաց, կան դասարաններ, որոնց բոլոր աշակերտների ծնողներն են դպրոցից դուրս գալու դիմում ներկայացրել։
«Խոսակցություններ կան, որ մյուս դպրոցների տնօրեններին մարզպետարանից կանչել են, հորդորել են, որ թիվ 3 դպրոցից դուրս եկած աշակերտներին չընդունեն։ Մենք մտավախություն ունենք, որ կպատճառաբանեն, տեղ չունեն։ Էնքան հիասթափված ենք, չգիտենք, մեր երեխաների խախտված իրավունքները պաշտպանողներ կլինե՞ն»,-ասաց ծնողը, որն իր երեխային էլ է դպրոցից հանում։
Թե ծնողները, թե ուսուցիչները Panorama.am-ի հետ զրույցում ցավ հայտնեցին, որ թացն ու չորը խառնվել են իրար։
«Երեկ մինչև ժամը 9-ը ծնողները գրկում էին տնօրենին, լացում, ասում էին, դուք ուղղակի մամա եք եղել մեր երեխաների համար։ Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում։ Իսկ նախարարն եկել է, ասում է, սիրուն խոսքերը դրեք ձեր գրպանում։ Սիրուն խոսքեր չեն, ուղղակի դուք չեք ուզում տեսնել։ Դուք որոշել եք հինը փոխել նորով, մենք դա շատ լավ հասկանում ենք։ Փաշինյանը, որ երեկ էդ ամեն ինչը տեսավ, պետք է տաներ մեր տնօրենին նախարար նշանակեր, որ էդ կառույցը ոտքի հաներ»,-ասաց մեկ այլ ծնող։
Ուսուցիչներն ու ծնողները եկել են եզրահանգման, որ լծակներ ունեցող իշխանությունը անում է այնպես, ինչպես ցանկանում է։
«Մենք արդեն հասկացանք, ոչինչ չի փոխվելու։ Չեմ ուզում մեր դպրոցը չափանիշ դարձնեմ, բայց դպրոցը պետության հենքն է»,-ասաց դպրոցի ուսուցչուհիներից մեկը։
Հիշեցնենք, որ երեկ այս դպրոց էին այցելել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ Նրանք հանդիպեցին ուսուցչական կազմի, ծնողների, աշակերտների հետ, Փաշինյանը հորդորեց գնալ հարցի լուծման իրավական ճանապարհով, իսկ երեխաներին հորդորեց՝ այսօր անպայման դասի գնալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան