Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
Դեկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալու է Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոն:
Հեքըթոնը կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից, Համաշխարհային բանկի խմբի և Սեռական բռնությունների հետազոտական նախաձեռնության աջակցությամբ։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսսուտրոն ասաց, որ նորարարության զարգացման շուկայական հարթակը տարեկան մրցույթ է, որն իրականացվում է հետազոտողների և թիմերի համար, որպեսզի կարողանան նորարարական լուծումներ գտնել, որոնք օգնում են անհատներին, համայնքներին, ազգություններին, պետություններին հաղթահարել սեռով պայմանավորված բռնությունը։
«Այս տարի 11 հաղթողներ են ընտրվել 250 հայտերից, որոնք ներկայացրել էին ողջ աշխարհից հետազոտական հաստատությունները, ընկերություները, ՀԿ-ները։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միակ հաղթողը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրման էր։ Այդ մրցանակը տրվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին, որ իրականացնի տարբեր մոբայլ, բջջային հավելվածներ, որոնք կարող են իրական ժամանակում փորձագիտական տեղեկատվության աջակացության տրամադրմամբ օժանդակել կանանց, օգնել հավաքել անհրաժեշտ տվյալներ»,-ասաց Սիլվի Բոսսուտրոն։
Նա նշեց, որ սեռով պայմանավորված բռնությունը համաշխարհային խնդիր է, չի ճանաչում սոցիալական, տնտեսական, ազգային սահմաններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, ամբողջ մոլորակի կանանց 1/3 իր կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության են ենթարկվում։
«Սեռով պայմանավորված բռնությունը կարելի է կանխել։ Տարբեր հետազոտական թիմերը կարող են տարբեր ծրագրերի միջոցով նպաստել սեռով պայմանավորված բռնությունը չհանդուրժող հասարակությունների ձևավորմանը»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։
Նա նշեց, որ Հայաստանը բավականին բարի, ընտանեկան կողմնորոշում ունեցող հասարակություն ունի, ամենաբարձր հարգանքն են տածում կանանց նկատմամբ, սակայն ժամանակ առ ժամանակ հայտնի են դառնում անհանգստացնող հաղորդումներ սեռով պայմանավորված բռնության դեպքերի վերաբերյալ։
Ասուլիսին ներկա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ նմանատիպ լուծումները պահանջված են ողջ աշխարհում, դա է հիմնական պատճառը, որ իրենք հնարավորություն ստացան զբաղվել այդ ուղղությամբ։
Խոսելով առաջիկա Հեքըթոնի մասին, նա ասաց, որ այն 24-ժամյա է, նպատակն է համադրել տեխնոլոգիական և փորձագիտական համայնքների ուժերը և կարողանալ ի հայտ բերել նոր լուծումներ, գաղափարներ, որոնք կարող են տարբեր խնդիրներին տարբեր լուծումներ տալ։
Նախատեսված է հինգ մրցանակ տարբեր ուղղություններում, ամեն ուղղության հաղթողին կտրվի 1 միլիոն դրամ մրցանակ։
«Նախընտրելի է, որ լուծումները լինեն գլոբալ»,- ընդգծեց Բ.Ենգիբարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան