Զախարովա. Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր ԱԺ-ի հետ
Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսություն սկսել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված Ազգային Ժողովի հետ։ Այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դեկտեմբերի 9-ին մեզ բարեկամ պետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանք դիտարկել են նաև ռուս դիտորդները, ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻգ կազմում, այնպես էլ ԱՊՀ դիտորդական առաքելության։ Դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ լուրջ խախտումներ կամ ընդհանրապես խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, չեն նկատվել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է դեկտեմբերի 16-ին։
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ, որոնք շուտով կձևավորվեն, նպատակ ունենք հետագայում ամրապնդել մեր երկրների միջև առկա համագործակցությունը, այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում»,-ասել է նա։