Ինչպես է կրծքավանդակի հետին ձախ հատվածի կրակոցը որակել որպես որովայնին կրակոց. Հայկ Սարգսյանի փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին կայացել էր Հայկ Սարգսյանի՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը։
Հայկ Սարգսյանը մեղադրողին և դատարանին խնդրել էր պարզաբանել, թե մեղադրանքի ձևակերպման մեջ նշված որովայնը, ըստ մեղադրանքի կողմի, տուժողի մարմնի որ մասն է. «Խնդրում եմ պարզաբանել՝ ըստ մեղադրող կողմի՝ որովայնը մարմնի ո՞ր մասն է»։
Նիստից հետո Հ. Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեղադրանքի կողմը լավ հասկանալով Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի խիստ անհիմն և խոցելի լինելը, նախաքննության փուլից սկսած համառորեն չի պարզաբանում, թե մեղադրանքի մեջ նշված «որովյանը» դա տուժողի մարմնի կոնկրետ որ մասն է, քանզի ըստ փորձագետների կրակոցը կատարվել է կրծաքվանդակի հետին հատվածին։
Պարզաբանում.
Ըստ Հայկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի նկարագրության` նա ատրճանակով կրակել է տուժողի որովայնի ուղղությամբ:
Ըստ տուժողի ցուցմունքի` Հայկ Սարգսյանն իր դիմաց կանգնած վիճակում, մոտ 1,5 մետր հեռավորությունից կրակել է իր փորին, որի հետևանքով վնասվել է իր որովայնի աջ մասը:
Այսինքն, ըստ մեղադրանքի կողմի`
1.կրակոցը կատարվել է առջևի հատվածից,
2.կրակոցը կատարվել է մոտ 1.5 մետր հեռավորությունից,
3.կրակոցը կատարվել է տուժողի որովայնի/փորի/ ուղղությամբ,
4.կրակոցի հետևանքով վնասվել է տուժողի որովայնը, ըստ տուժողի` որովայնի առջևի աջ հատվածը:
Մեղադրանքի այս բոլոր կարևորագույն հանգամանքները հերքվել են հենց փորձագետների եզրակացություններով:
Մասնավորապես,
ըստ դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացության` կրակոցի պահին տուժողը կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսով ուղղված է եղել դեպի կրակող զենքի փողաբերանը:
Ըստ դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության` տուժողի սվիտերի վրա հրազենային մուտքի անցքը գտնվում է հետևի ձախ հատվածում, իսկ ելքի անցքը` առջևի աջ կողային մասում: Ընդ որում, կրակոցը կատարվել է 10-30սմ հեռավորությունից:
Այսինքն, ըստ փորձագետների`
1.կրակոցը կատարվել է հետևի հատվածից,
2.կրակոցը կատարվել է 10-30սմ հեռավորությունից,
3.կրակոցը կատարվել է տուժողի կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին,
4. գնդակի մուտքի անցքը տեղակայված է ոչ թե տուժողի որովայնի առջևի աջ հատվածում, այլ` կրքավանդակի հետին ձախ հատվածում:
Հայկ Սարգսյանը մեղադրողին և դատարանին խնդրում էր պարզաբանել, թե մեղադրանքի ձևակերպման մեջ նշված որովայնը ըստ մեղադրանքի կողմի դա տուժողի մարմնի որ մասն է, քանզի նրա համար հասկանալի է, որ որովայնը դա կրծքավանդակից ներքև գտնվող հատվածն է, ինչպես պարզաբանեց դատարանը, սակայն քանի որ փորձագետները նշել էին, որ վնասվածքը պատճառվել է կրծքավանդակի հետի ձախ հատվածում, ուստի հարց էր ծագում, թե արդյոք մեղադրանքի կողմը ևս ընդունում է, որ որովայնը դա կրծքավանդակից ներքև գտնվող հատվածն է և եթե այո, ապա ինչպես է կրծքավանդակի հետին ձախ հատվածի կրակոցը որակել որպես որովայնին կատարված կրակոց»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ներկայացել է տուժող կողմը
- Հայկ Սարգսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՝ սահմանված 50 մլն դրամը մուծելուց հետո
- Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. ՀՔԿ
- Հայկ Սարգսյանը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան