«Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճի հիմքը նորընտիր խորհրդարանի «կազմավորման» իրավաբանական ընկալումն է։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։ Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն Տիգրան Մուկուչյանը չի շտապում դա անել։ Երեկ էլ նա չպատասխանեց մեր զանգերին, ԱԺ-ից էլ ասացին, որ դա իրենց իրավասության հարցը չէ, եւ ԿԸՀ ղեկավարն է հայտարարելու այդ օրվա մասին։
Նիկոլ Փաշինյանի թիմում կարծում են, որ խորհրդարանը կարելի է կազմավորված համարել, երբ ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնի իրենց մանդատները։ Ըստ այդ հաշվարկի՝ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին, կհետաձգվի, եթե որեւէ ուժ այն վիճարկի ՍԴ-ում, որին դիմելու վերջնաժամկետը, ի դեպ, դեկտեմբերի 21-ն է։ Մինչդեռ դեկտեմբերի 24-ին առաջին նիստը հրավիրելու տեսակետի կողմնակիցները խորհրդարանը կազմավորված են համարում այն պահից, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ այդ մասին որոշում ընդունում, որը կիրականացվի դեկտեմբերի 16-ին։
«Պատգամավորներին մանդատները հանձնվում են արձանագրություններով, ոչ թե որոշմամբ, եւ եթե նույնիսկ ՍԴ-ում որեւէ ուժ փորձի վիճարկել ընտրությունների արդյունքները, ապա պետք է վիճարկի ոչ թե արձանագրությունը, այլ՝ որոշումը։ Հետեւաբար, որպես ԱԺ կազմավորման հիմք պետք է ընդունել ԿԸՀ համապատասխան որոշումը»,- ասաց մեր զրուցակից իրավաբանը՝ հիմնավորելով, որ ճիշտը դեկտեմբերի 24-ն է»։