ՄԻՊ-ն Արմաշի առողջության կենտրոնում արձանագրել է մի շարք խնդիրներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
• գերբնակեցվածություն,
• կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
• ջեռուցման ապահովման հետ կապված խնդիրներ,
• հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
• հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին:
Աղբյուրը նշում է, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:
Նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները և ճաշարանը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել որոշ սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան