Ուսման վարձի փոխհատուցում, դպրոցներում աբոնեմենտային ծրագրի իրականացում. գործադիրի որոշումները
Հանրակրթական դպրոցներում աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 11 մլն 604 հազար դրամ: Այս որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Որոշման համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության և մշակույթի նախարարությունները նախատեսում են համատեղ իրականացնել աբոնեմենտային համակարգի ներդրման գործընթացը: Ծրագրի իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Dasaran կրթական հարթակում ստեղծել նոր մշակութային բաժին, որը հնարավորություն կընձեռի հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում այցելել 3 մշակութային կենտրոն՝ անվճար հիմունքներով:
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ կայքում ստեղծվելու է հարթակ, որտեղ աշակերտները կարողանալու են գրանցվել, հետո նախապես ամրագրելով այցելել թատրոններ, համերգասրահներ: «Սրանով նախ կարողանալու ենք պատշաճ կերպով կազմակերպել այդ պրոցեսը և հստակ հասկանալու ենք, թե որտեղ են աշակերտները այցելում, որտեղ է ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, իրենք ամրագրելու են իրենց տեղերը և սրանով խուսափելու ենք կուտակումներից: Տարվա սկզբին արդեն կլինի այդ հարթակը»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ արդեն աշակերտներն այցելում են պատկերասրահներ ու թանգարաններ, նրանց աբոնեմենտներ են բաժանվել: Ավելի քան 350 հազար աշակերտ, ըստ նրա, ստացել է այդ կտրոնները. «Այս ծրագրի շրջանակներում թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, պատկերասրահներ այցելությունների թիվը տարվա կտրվածքով կավելանան 1 մլն-ով»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սրանով յուրաքանչյուր աշակերտ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետբյուջեի աջակցությամբ պետք է այցելի թատրոն, թանգարան և համերգասրահ. «Դրա համար հատկացրել ենք 400 մլն դրամ, ինչը նշանակում է, որ 400 մլն դրամով հավելյալ ֆինանսավորում ենք մշակույթը»:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն թլ ասաց, որ այդ համակարգի կիրառումից հետո որոշ թանգարանների մոտ հերթեր են գոյանում, հատկապես այն թանգարաններում, որոնք ունեն կրթական ծրագրեր: Նա նաև նշեց՝ հանձնարարել են թանգարաններին, որ զբոսավարի համար լրացուցիչ գումար չգանձեն:
Այսպիսով, աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 82 մլն 795 հազար դրամ էլ կհատկացվի Մշակույթի նախարարության հետ համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով, որից՝ 50 մլն դրամ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, 32 մլն 795 հազար դրամ՝ «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրի համար:
Գործադիրի որոշմամբ՝ 50 մլն դրամ դրամ էլ կհատկացվի ԿԳ նախարարությանը, որը կուղղվի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան