Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող արվեստագետի արտառոց երևակայական աշխարհն է արտացոլելու»։
Ցուցահանդեսը իրականություն է դարձել Ստամբուլի Բերայի թանգարանի և Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շնորհիվ։ Այն նվիրված է Մեծ վարպետի ծննդյան 95-րդ ամյակին։
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի համակարգմամբ կազմակեպված ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետի տարաբնույթ ստեղծագործությունները՝ նկարներ, կոլաժներ, զարդանախշեր, ֆիլմերի դրվագների էսքիզներ, բեմական հագուստի նմուշներ, խճանկարներ, լուսանկարներ և այլն։
Փարաջանովի հավաքածուն ներկայացվել է աշխարհի 30-ից ավել քաղաքներում, սակայն Ստամբուլում կազմակերպված ցուցահանդեսը կազմակերպիչների խոսքով ամենամեծն է։
Մասնավորապես Զավեն Սարգսյանը ցուցահանդեսի առնչությամբ ասել է հետևյալը. «Ստամբուլում իրականացվող այս ցուցահանդեսը Փարաջանովի թանգարանի պատերից դուրս կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսն է։ 1989 թ.-ին մեծ արվեստագետի այցելած քաղաքում, որով հմայվել է Փարաջանովը, ցանկացանք հնարավորինս հարուստ բովանդակությամբ ցուցահանդես ներկայացնել։ Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը կջերմացնի մարդկանց սրտերը և կնպաստի մեր ժողովուրդների մերձեցմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
- Վերականգնվելու են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերը
- Ես այլախոհ չեմ, պարզապես անիծված ռեժիսոր եմ. Սերգեյ Փարաջանով
- Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան