Արցախում 3 մ երկարությամբ ժենգյալով հաց են թխել
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում պատրաստված 20 կգ 885 գրամ քաշով մոտ 3 մետր երկարությամբ ժենգյալով հաց են թխել, այն գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցով Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ «ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում։ Հացի պատրաստմանը մասնակցել է 8 մարդ:
«Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Պատրաստվել է հացի չափերին համապատասխանող հատուկ սալօջախ»,- նշել է մեր զրուցակիցը:
Ե. Հայրիյանի խոսքով՝ այն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ իրենց նպատակն էր արցախյան խոհանոցի ավանդական ուտեստի արժևորումը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոն
- Արցախցի. «Պատերազմի տարիներին զենքից հետո ամենապահանջված բանը ժենգյալով հացն էր». «Առավոտ»
- ժենգյալով հացի փառատոն Ծաղկաշատում