Լավրով. ԼՂ հարցում պետք է գտնենք կրեատիվ գաղափարներ, որոնք կօգնեն ձևավորել կոնսենսուս
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծենք ԼՂ հարցում փոխզիջումների հասնելու համար»,-Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հարց ու պատասխանը հրապարակել է նախարարության պաշտոնական կայքը։ Լրագրողներից մեկը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև մի քանի շփումներ են եղել, ապա հարցրել՝ ռուսական կողմը տեսնո՞ւմ է ինչ-որ առաջընթաց կարգավորման գործընթացում, ի՞նչ կարելի է սպասել նոր տարում։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է. «Երեկ մանրամասն ու տևական հանդիպում ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մենք զգացինք նրա անկեղծ մտադրությունը բանակցությունները վերսկսելու և կառուցողական լուծումներ փնտրելու հարցում։
Ռուսաստանը հանդիսանում է մտերիմ գործընկեր թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, ինչպես նաև ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
Ոչ վաղ անցյալում Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի, ինչպես նաև Միլանում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները շարունակական չեղան, դրանք տեղի ունեցան Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Հիմա, երբ այդ իրադարձությունները հետևում են, պետք է ձևավորվի Հայաստանի կառավարությունը։ Դրանից հետո հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցի գործընկերների ու համանախագահներ հետ համատեղ վերականգնել բանակցային գործընթացը։
Փորձելու ենք փնտրել սկզբունքորեն նոր որոշումներ, կարգավորման հիմքերը հասկանալի են, բայց պետք է գտնենք այնպիսի մարտավարական ու կրեատիվ գաղափարներ, որոնք կօգնեն ձևավորել կոնսենսուս»։