Ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ սահմանվել է խստացված հսկողություն. գյուղնախարարի պաշտոնակատար
Անվտանգության նկատառումով ներմուծվող գյուղմթերքի նկատմամբ սահմանվել է խստացված հսկողություն, հատուկ ուսումնասիրություններ են իրականացվել ներմուծվող լոլիկի համապատասխանությունը ընդունված չափանիշներին ստուգելու նպատակով: Այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ այսօր փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ։
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ջերմոցատերերը ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, որպեսզի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ տեղականը չհայտնվի ոչ շահեկան վիճակում: Առանձին անդրադարձ է կատարվել ներմուծման իրավական մեխանիզմների կարգավորմանը, տեղական գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Հնչել են մի շարք առաջարկներ ոլորտի բարելավման և կարգավորման ուղղությամբ:
Քննարկվել են նաև ջերմատներում այլընտրանքային մշակաբույսերի մշակման կազմակերպման, արևային էներգիայի օգտագործման համակարգերի ներդրման հնարավորությունները:
Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ, օպերատիվ արձագանքել բոլոր խնդիրներին և ուսումնասիրել բոլոր առաջարկները, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: