«Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել
«Փաստ» թերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաև մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, որևէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա:
ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր տասը մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Այսպիսով, վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները (Արագածոտնում ու Տավուշում՝ երրորդ արդյունք ունեցողները, Գեղարքունիքում, Շիրակում ու Սյունիք–Վայոց ձոր ընտրատարածքում՝ չորրորդ, իսկ Արարատում ու Կոտայքում՝ հինգերորդ արդյունքն ունեցողները):
Ի դեպ, ուշագրավ է, որ ընտրված յոթ մարզպետներից չորսը լավագույն արդյունքն են գրանցել իրենց ընտրատարածքներում, Շիրակի մարզպետը զիջել է միայն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Գեղարքունիքի մարզպետը՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանին, իսկ Տավուշի մարզպետը՝ Սիփան Փաշինյանին: Առաջադրվածներից չի ընտրվել միայն Լոռու մարզպետը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում