Փոխքաղաքապետ. Այգու կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս
Կենդանաբանական այգի այցելած փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հետաքրքրվել է բեզոարյան այծի անկման պատճառներից։ Նրան հայտնել են՝ կենդանին նախ փախուստի էր դիմել, ապա հայտնաբերվել աշխատակիցների կողմից և տեղափոխվել ազատավանդակ, սակայն որոշ ժամանակ անց կենդանու մոտ սրտի կանգ է արձանագրվել:
«Կենդանու փախչելու համար պետք է կոնկրետ պատճառ լիներ: Ի դեպ, սա երկրորդ փորձն էր: Նշեմ, որ կենդանին 2013 թվականին ծնվել էր հենց այգու տարածքում»,- նշել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անասնաբույժը նշել է, որ կենդանու փախուստը կարող է կապված լինել հիվանդության, կենդանիների միջև ընդհարման կամ երրորդ անձանց միջամտության ու միտումնավոր վախեցնելու հետ:
Դեպքի իրական պատճառները հայտնի կդառնան հանգամանալից ուսումնասիրություններից հետո միայն: Մինչ այդ պատասխանատուներին հանձնարարվել է ուշադրությունն ու հետևողականությունը կրկնապատկել:
«Կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս: Մեր խնդիրն է ոչ թե ստուգել, գտնել ու պատժել, այլ կարողանանք օր առաջ կենդանաբանական այգին վերադարձնել իր բնականոն գործունեության» ,- նկատել է փոխքաղաքապետը:
Փոխքաղաքապետը հանդիպել է նաև Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարող հանձնաժողովի անդամներին: Համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ ներկայացվելու են հանրությանը:
«Կխնդրեմ խոշորացույցի տակ պահել հիմնական այն խնդիրները, որոնք բարձրացվել են հասարակական հատվածի կողմից և կապված են ֆինանսական շարժի հետ: Առավել քան վստահ եմ, որ ուսումնասիրությունները լույս կսփռեն այս պատմության վրա: Դրանք պետք է լինեն այնքան հավաստի, որ հետագայում այգու գործունեության հետ կապված որևէ կասկած չլինի: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական», - հատկանշել է քաղաքապետի տեղակալը՝ փոխադարձ համաձայնություն ստանալով նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանից:
Տիգրան Վիրաբյանը հանդիպել է նաև այգու այն աշխատակիցների հետ, որոնք տնօրենի աշխատանքին առնչվող բողոքներ ունեն և պահանջում են վերջինիս հրաժարականը:
«Պետք է թուլացնել այս լարվածությունը, քանի որ աշխատանքային նման անառողջ մթնոլորտը ուղղակի ազդում է կենդանաբանական այգու բնականոն գործունեության վրա: Այստեղ չկան հովանավորյալներ, իսկ ցանկացած անօրինակություն պատժվելու է ամենախիստ ձևով»,- նշել է քաղաքապետի տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգում սատկել է բեզոարյան այծերից մեկը
- Կոկորդիլոսն անկել է խրոնիկ հիվանդությունից. գլխավոր անասնաբույժ
- Կոկորդիլոսի անկման փաստով հետաքննություն է կատարվում
- Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
- Զեբրի թունավորումը հաստատվել է. Խաչատրյան
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Կենդանաբանական այգում սա արջերի հետ կապված առաջին միջադեպը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան