Երգիծաթերթերի հրատարակության դադարեցման բացահայտումները՝ «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքում
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողներ Համո Սուքիասյանը և Նարինե Երանոսյանն այսօր ընթերցողի դատին հանձնեցին «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքը, որով փորձել են լրացնել հայ մամուլի երգիծական մասին վերաբերող բաց մնացած հատվածը։ Այն նվիրված է խորհրդային ժամանակաշրջանի «Շեշտ», «Զուռնա» և «Կարմիր մոծակ» երգիծաթերթերի հիմնադրմանն ու գրաքննության արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Չարենցի տուն-թանգարանում։
Թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը ներկայացրեց, որ գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի և մամուլի հրապարակումների հիման վրա անդրադարձ է կատարվում Խորհրդային Հայաստանում երգիծական մամուլի սկզբնավորման նախադրյալներին ու կայացման խոչընդոտներին, երգիծական պարբերականներ հրատարակելու դժվարություններին, Երևանում Վահան Թոթովենցի խմբագրությամբ հրատարակված «Շեշտ» (1923 թ.), Էդուարդ Խոճիկի խմբագրությամբ հրատարակված «Զուռնա» (1924 թ.) և «Կարմիր մոծակ» (1926-1927 թթ.) երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը:
Նա պատմեց, որ իշխանությունների կողմից դրանց հրատարակությունն ընդհատվել է՝ 1954 թ. ի դեմս «Ոզնու» վերածնվելու հեռանկարով, իսկ 1928-1953 թթ. Խորհրդային Հայաստանում երգիծական պարբերական չի հրատարակվել:
«Այսօր, ի դեմս այս գրքի՝ ունենք մի այնպիսի բովանդակալից հետազոտություն, որը հանգամանորեն ներկայացնում է նշված երգիծաթերթերի հիմնադիրներին, դրաց կայացումն ու գրաքննության պատճառները»,- ասաց Բախչինյանը։
Գրքի հեղինակներից Համո Սուքիասյանը պատմեց, որ շարադրանքը սկսել են անցյալ տարվա սեպտեմբերից և այսօր արդյունքում ունեն 136 էջանոց գիրք։
«Գրքի երկրորդ գլուխը նվիրված է թերթերի խմբագիրներին։ Ճիշտ է՝ սկզբում չէինք մտածել առանձին գլուխ ներառել, բայց ընթացքում այնպիսի բացահայտումներ եղան, որ որոշեցինք առանձին գլխում պատմել նրանց մասին»,- հավելեց հեղինակը։