Ակնհայտ է, որ ընտրական գործընթացը զերծ մնաց ընտրակաշառքից. Խոսրով Հարությունյան
«Ակնհայտ է, որ ընտրական գործընթացը զերծ մնաց ընտրակաշառքից, այն, որպես գործոն, դերակատարություն չունեցավ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
«Երկրորդ կարևոր ձեռքբերում ես կարող եմ անվանել այն, որ այս ընտրություններում խոշոր կապիտալը, այսիքն՝ տնտեսական իշխանությունն ուղղակի մասնակցություն չունեցավ։ Արդյունքում նրանք ներկայացված չեն առաջիկա խորհրդարանում։ Կարծում եմ՝ սա ամենալուրջ ձեռքբերումն է»,- ասաց խորհրադարանականը։
Խոսրով Հարությունյանը նշեց, որ թեև վարչական ռեսուրս ընտրությունների ընթացքում կիրառվել է, սակայն այն էական ազդեցություն չի ունեցել։ Միաժամանակ, շատ էական է, թե նոր խորհրդարանը կարողանալո՞ւ է իրականացնել իրեն վերապահված սպասելիքները։
«Հասարակության ակնկալիքն այն էր, որ նոր խորհրդարանն իր քաղաքական որակներով պետք է տարբերվեր նախորդ խորհրդարաններից։ Եթե հաշվի առն ենք առաջիկա զարգացումներն ու մարտահրավերները, այս խորհրդարանը պետք է ունակ լինի ձևավորել կարողություններ, որոնք կարող են դիմագրավել այդ մարտահրավերներին։ Հմտության, փորձառության ակնհայտ պակաս կա, և սա կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանի քաղաքական որակների վրա»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության թեմային՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ ֆորմալ առումով ընդդիմություն կլինի։ «Կարծում եմ՝ հակակշռելու տեսանկյունից ավելի ակտիվ դերակատարություն կունենա ԲՀԿ-ն։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», անկասկած, այն ևս կլինի կառուցողական ընդդիմության ռեժիմում, բայց սկզբունքային հարցադրումներում չի հակադրվի «Իմ քայլը» դաշինքի ֆրակցիային»,- ամփոփեց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Իհարկե, ամեն ինչ չէ, որ հարյուր տոկսով արվեց. ԵՄ պատվիրակության անդամ
- Սոնա Այվազյան. Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր
- Ընտրությունները անցել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն
- ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդները ՀՀ ընտրությունների վերաբերյալ ընդունել են փաստաթուղթ
- Երեք քաղաքական ուժ է անցել Ազգային ժողով
- Նախընտրական փուլն ընթացել է ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայամններում. Սոնա Այվազյան