Սաակաշվիլին իր հայրենակիցներին կոչ է արել օրինակ վերցնել հայերից
Վրացագետ Ալիկ Էրոյանցը ճակատագրի հենգնանք է որակում այն, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գովել է հայերին, վրացիներին կոչ արել օրինակ վերցնել նրանցից։
««Ирония судьбы».
Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ընդդիմության թեկնածուն՝ Սաակաշվիլիի կառավարության նախկին արտգործնախարար Գ. Վաշաձեն ընտրողների ձայների թվով զիջեց իշխանության աջակցությունը վայելող Ս. Զուրաբիշվիլիին, ում երդմնակալության արարողությունը կկայանա արդեն վաղը՝ դեկտեմբերի 16-ին: Ինչևէ, ընտրություններն ավարտվել են, Վրաստանի քաղաքացիներն ընտրել են կին նախագահի, ով գալիք 6 տարիների ընթացքում կզբաղեցնի երկրի առաջին դեմքի պաշտոնը, սակայն ընդդիմության շրջանում կրքերը դեռ չեն ավարտվել, և նույնիսկ նախատեսվում է բողոքի խաղաղ ցույց անցկացնել՝ ընտրությունների արդյուքները մերժելու նպատակով:
Չի դադարում իր ելույթներով հանդես գալ նաև Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին, ով իր ֆեյսբուքյան էջում հաճախ կոչերով դիմում է վրաստանցիներին՝ մասնավորապես ընդգծելով, որ Իվանիշվիլին Վրաստանի թշնամին է, և անհրաժեշտ է այդ օլիգարխից ազատվել: Նման բովանդակության ելույթներ նորություն չեն, իհարկե, սակայն հետաքրքիրն այն է, որ Սաակաշվիլին այս անգամ իր հայրենակիցներին կոչ է արել օրինակ վերցնել հայերից: Վերջինս իր խոսքում գովել է հայերին՝ նշելով, որ «շատ է հարգում նրանց և ուրախ է, քանզի հայերը կարողացան գահընկեց անել օլիգարխների կառավարումը»:
Հ.Գ. Շատ լավ է, որ նույնիսկ Սաակաշվիլին է դրական գնահատում, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, բայց իհարկե լավ կլիներ, որ վերջինս ուղղակի գնահատեր փաստը, այլ ոչ թե՝ քաղաքական համեմատական երանգավորումների ձևաչափով արտահայտեր իր միտքը»,-գրել է Էրոյանցը։