17 թիվ՝ սավպաձենիե ՞
«Երեկ կառավարության որոշմամբ՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի հաջորդ տարվա կազմակերպմանը տրամադրվել է 17 միլիոն դրամ»- ուրախությամբ հայտնում է իր ֆեյսբուքյան էջում Արայիկ Հարությունյանը, ով անկասկած շարունակում է բռնել ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի ուղին:
Երկու նախարարներն էլ թուլություն ունեին այս խաղի նկատմամբ, այն սնում էին և բյուջեից, և խորապես համոզված են, որ, ինչպես ասում է Ա. Հարությունյանը. «Հաղորդաշարը սիրված է, ինտելեկտուալ քիչ հաղորդումներից է եթերում, որը ստացված է, իսկ գիտելիքի տարածման խրախուսումը մեր քաղաքականության հիմնական նպատակներից է»:
Նման մոտեցման դեպքում պիտի Վիքին էլ համարել գիտության նվաճում: Եթե մյուս նախարարների մասով հարցեր էին ծագում՝ ծառայել է, թե ոչ, ապա Արայիկ Հարությունյանի մասով ազնիվ հարց է մտմտում՝ իսկ ինչպես է անցկացրել նա իր դպրոցական տարիները, մի՞թե դպրոցի տնօրենը անջնջելի հետք է թողել նրա կամաարտահայտման մեջ, մի՞թե կասկածներ են եղել ինտելեկտի մասով, մի՞թե խաղի ժամեր հատկացված չեն եղել, որ հենց նման «քաղաքականություն» է վարում Արայիկ Հարությունյանը, որ ընդամենը այսքանի մեջ է տեսնում «ԿՐԹՈՒԹՅԱՆ ու ԳԻՏՈՒԹՅԱՆ» քաղաքականությունը:
Զորավարները կպատմեն պատերազմների մասին, թեորեմները կխոսեն, թե ինչ կանեն,...: Այսինքն՝ նախարարի պաշտոնակատարի պատկերացմամբ մարզերում ու մայրաքաղաքում երեխաները չգիտեն էլ ինչպես օգտագործեն իրենց սմարթֆոնները, սպասում են ընդամենը «խոսող գրքերի»:
Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման տակ շատ ու ամբողջապես քննադատական մեկնաբանություններ՝ նորմալ մտքեր կան, որոնք ասում են, որ այս խաղն ուղղակի խաղ է, ոչ թե ինտելեկտուալ ֆենոմեն, որ բյուջեից ընդամենը խաղի համար հատկացնել գումար, երբ դպրոցների վիճակը լացելու է (այստեղ ստիպված պիտի նշել՝ տեսնողի ու սիրտ ունեցողի համար)… Կան մեկնաբանողներ, որ իրենց պարտքն են համարել տեղեկացնել կրթության ու գիտության ոլորտի քաղաքականության պատասխանատուին այդպիսի դպրոցների գոյության մասին:
Մենք էլ լինենք նույնքան միամիտ ու հավաքած նյութերը, որ ժամանակ առ ժամանակ ուղարկել ենք կրթության նախարարություն՝ նորից տեղադրենք:
Թեպետ՝ դպրոցների իրական վիճակը չտեսնելու, կրթության խնդիրները չհասկանալու համար իրական ջանք է պետք: Գիտության մասին էլ չասեմ:
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Դպրոցը կամաց-կամաց պրծնում է». Սյունիքում 10 դպրոց առաջին դասարան չունի
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով