Գիտենք, որ երկրի առջև կան ծառացած բազում խնդիրներ. Գարեգին Բ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.
«Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Գիտենք, որ մեր երկրի առջև կան ծառացած բազում խնդիրներ, դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր աշխարհասփյուռ զավակների, մեր հասարակական, քաղաքական բոլոր ուժերի միասնությունը, միաբանությունը, մեր ազգային ներուժի համախմբումը, համերաշխության, հանդուրժողականության, ներողամտության, ոգու հզորացումը, որով մենք հնարավորություն պետք է ունենանք իրականության առաջնորդելու դարավոր իղձերն ու երազները՝ բոլորիս համատեղ ջանքերով, բոլորիս համերաշխ գործակցությամբ: Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման և այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաև արձանագրել մեր կյանքի հաջողությունները»:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ թևակոխել են կարևոր փուլ:
«Այս նոր ժամանակաշրջանը լավ առիթ է վերաիմաստավորելու մեր ինչպես երրորդ հանրապետության, այնպես էլ մեր ժողովրդի հազարամյա պատմությունը: Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:
Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը և մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարևոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետև իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչև վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից: Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան